«Դատարկ խոսակցություններին վերջ տվեք»,- վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այսպես արձագանքեց հարցին, թե ինչ կարող է ասել ընդդիմադիրների հնչեցրած քննադատությանը, որ իշխանությունները «ծածուկ» են մշակել նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը: Աբրահամյանն այցելել էր Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Վազգեն Սարգսյանի հիշատակին:
«Հարգելիներս, Ընտրական օրենսգիրքը դեռ քննարկման փուլում է, ոչ ոք չի կարող ասել՝ ինչն են ընդունել, ինչը չեն ընդունել, դատարկ խոսակցություններին վերջ տվեք: Հանրությանը հարկավոր է իրազեկել իրականության մասին, իրատեսական հարցերի մասին, ոչ թե․․․ ձեր մտահոգությունները փաթաթում եք բոլորի վզին»,- ասաց վարչապետը:
Մինչ հանրությունը, ընդդիմադիր քաղաքական ուժերը սպասում էին, թե երբ է հրապարակվելու փակ դռների հետևում իշխանությունների կազմած նոր Ընտրական օրենսգիրքը, որը, չնայած նախագահի հրամանագրում նշված ժամկետներին, այդպես էլ մինչև մարտի 1-ը չներկայացվեց Ազգային ժողով, օրերս պարզվեց՝ օրենսգրքի նախագիծը ոչ միայն պատրաստ է, այլև ուղարկվել է Վենտեիկի հանձնաժողով, որի պաշտոնական կայքէջում էլ հրապարակվել է դեռ փետրվարի 22-ին: Երկրի համար կարևոր այդ փաստաթղթի բովանդակությանը Հայաստանում, փաստորեն, առաջինը ծանոթացան ոչ թե հայրենի իշխանություններից, այլ միջազգային կառույցի կայքէջից:
Վարչապետ Աբրահամյանին նաև հարց ուղղեցինք՝ ի՞նչ նպատակ է հետապնդում ֆինանսների նախարարության կազմից ՊԵԿ-ի դուրս բերումը, և արդյո՞ք դա չի արվել կոնկրետ անձանց պաշտոնով ապահովելու համար: Վարչապետը չպատասխանեց այս հարցին:
Վերջերս լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, թե Հովիկ Աբրահամյանը նպատակ ունի իր որդուն՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանին «դարձնել» Երևանի քաղաքապետ ու այդ պատճառով մրցակցության մեջ է հայտնվել տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ: Ըստ այդ հրապարակումների, Բեգլարյանն ինքն է ցանկանում 2017թ․ ընտրվել Երևանի քաղաքապետ, Մհեր Սեդրակյանն էլ այդ պաշտոնում տեսնում է իր որդուն:
«Անհեթեթ խոսակցություններ են, քաղաքապետ ժողովուրդն է ընտրում, հարկավոր է այդ խոսակցություններին վերջակետ դնել և զբաղվել գործով»,- խորհուրդ տվեց Հովիկ Աբրահամյանը:
Սյունիքի մարզպետի որդի․ «Իմ հետ կապված բոլոր պատմությունները աչքի հետևանք են»
Մինչ վարչապետը խոսում էր իր որդու մասին, նկատեցինք, որ Եռաբլուրում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ում անունը, հիշեցնենք, շոշափվել է մի շարք արյունալի պատմությունների և քրգործերի համատեքստում: Մանավորապես՝ Ավետիք Բուդաղյանի սպանությունը, «Սդղի գյոլի» միջադեպը:
Անցած տարի ամռանը հայտնի դարձավ, որ Տիգրան Խաչատրյանը պարգևատրվել է Երկրապահ կամավորականների միության հուշամեդալով և Գորիսի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավարն է: Դրանց առնչությամբ իրեն ուղղված հարցերին նա հակադարձեց՝ «բա էսօր էդ օրն ա՞»:
Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ չեք ծառայել բանակում, Խաչատրյանը հակադարձեց՝ «Դա կապ չունի, լավ, է, էլի եկաք ձեր հարցերով․․․»:
Դիտարկմանը, որ իր անունը պարբերաբար կապվում է տարբեր վեճերի, կռիվների հետ, Սյունիքի մարզպետի որդին պատասխանեց՝ «դուք եք անում, ես ե՞մ անում, մարդու վրա որ շատ աչքեր ա լինում, էդ մարդն արդեն փորձանքների ա հանդիպում․․․»: