Եվրախորհրդարանը կքննարկի մի շարք ռուս լրագրողների նկատմամբ պատժամիջոցների հարցը

"Россия сегодня" պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյով, արխիվ

Եվրախորհրդարանը մտադիր է քննարկել ռուսաստանյան ընդդիմադիր «ՊԱՌՆԱՍ» կուսակցության նախաձեռնությունը՝ Բորիս Նեմցովի դեմ արշավ իրականացրած ռուսաստանցի մի շարք լրագրողների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ, գրում է «Նեզավիսիմայա գազետա» թերթը:

Հղում անելով «ՊԱՌՆԱՍ»-ի փոխնախագահ Վլադիմիր Կարա-Մուրզա կրտսերին, ՆԳ-ն փոխանցում է, որ այս շաբաթ Բրյուսելում տեղի է ունեցել Բորիս Նեմցովի մահվան տարելիցին նվիրված համաժողով, որին մասնակցել են «ՊԱՌՆԱՍ» և «Յաբլոկո» կուսակցությունների պատվիրակությունները:

Կարա-Մուրզայի խոսքով, Եվրախորհրդարանում ներկայացված ամենաազդեցիկ կուսակցությունների հետ քննարկվել են ռուսաստանյան «քարոզիչների» նկատմամբ անհատական պատժամիջոցներ սահմանելու հարցը: Նախաձեռնությունը, ըստ ռուսաստանցի քաղաքական գործչի, հավանության է արժանացել:

Թերթի հետ զրույցում, Կարա-Մուրզան նշել է, որ խոսքը Վլադիմիր Սոլովյովի, Արկադի Մամոնտովի, Անդրեյ Կարաուլովի, Դմիտրի Կիսելյովի, Օլեգ Դոբրոդեևի, ՆՏՎ հեռուստաընկերության նախկին ղեկավար Վլադիմիր Կուլիստիկովի, ինչպես նաև Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Պուշկովի մասին է: Պատժամիջոցների շրջանակներում առաջարկվում է արգելել նրանց մուտքը Եվրոպա և «սառեցնել» ակտիվները: