Ընդդիմադիրների պնդմամբ՝ կուլիսներում մշակված ընտրական նոր օրենսգրքի նախնական տարբերակում իշխանությունները ոչ միայն չեն ներառել իրենց առաջարկները, այլ նաև անտեսել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջին հանձնարարականները՝ այդ թվում քվեարկած անձանց ցուցակների մատչելիություն, վարչական ռեսուրսի արգելում, արդյունքների բողոքարկման ընթացակարգի վերանայում:
Սահմանադրական հանրաքվեից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը փաստել էր՝ քվեարկած անձանց ցուցակների հրապարակումն արգելված չէ միջազգային իրավունքով, կիրառվում է շատ երկրներում, այդ թվում Միացյալ Թագավորությունում։ Նոր Ընտրական օրենսգիրքը մշակողները, մինչդեռ, ուժի մեջ են թողել գործող սահմանափակումները՝ քվեարկած անձանց ցուցակների հրապարակումը, տեսանկարահանումը կամ որևէ եղանակով արտատպումն արգելվում է։ Ընդդիմադիրները պնդում են՝ հոդվածը պահպանվել է կրկնակի քվեարկությունների ու լցոնման համար։
«Ակնհայտ է, որ իշխանությունը 500-700 հազար ձայն միանշանակ իրեն հավելագրում է: Այս ցուցակների հրապարակումը այս հավելագրումներն է կանգնեցնելու: Ընդ որում, այդ 500-700 հազար ձայնը հենց այն թիվն է, որը հնարավորություն է տալիս իշխանություններին ստանալ մեծամասնություն, իրենց «այո»-ն անցկացնել», - մեկնաբանում է ընդդիմադիր «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Իր հերթին՝ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասում է․ - «Եթե ընտրություններից հետո հնարավոր լիներ ուսումնասիրել այդ փաստաթղթերը, բոլոր կեղծիքները կբացահայտվեին: Այսինքն, իշխանության պահպանման գաղտնիքը գտնվում է այդ մատյաններում: Բնականաբար՝ նրանք պետք է դիմադրեն դրանց հրապարակմանը ամբողջ ուժով»:
Հանրաքվեից հետո ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ը որպես առաջնային հանձնարարական ընդգծել էր նաև՝ ընտրության արդյունքները բողոքարկելու ժամկետները պետք է վերանայվեն՝ ապահովելով դիմումի քննությունը։ Այս մասով էլ, սակայն, ընտրական նոր օրենսգրքում փոփոխություն չկա։ Արմեն Մարտիրոսյանը փաստում է՝ ուժի մեջ են մնում այն դրույթները, որոնք հնարավորություն չտվեցին վերահաշվարկի համար ընդդիմության պահանջած քվեատուփերը բացել․ - «Իշխանությունը, բնականաբար, չի ցանկանում, որ բողոքարկման իրական մեխանիզմ կյանքի կոչվի, որովհետև բողոքարկումը եթե իրական լինի, այսինքն, այդ բողոքարկումը արդյունք բերի, իրենք խնդիրների առջև կկանգնեն»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը շարունակում է՝ իշխանություններն անկատար են թողել նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մեկ այլ առաջնային հանձնարարականը՝ արգելել քարոզարշավին բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունն ու վարչական ռեսուրսի կիրառումը։ Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնած Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 6-ի նախօրեին «Այո»-ի շտաբի պետ նշանակեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին, իսկ Վերահսկողական ծառայության պետին, աշխատակազմի ղեկավարին ու տարածքային կառավարման նախարարին էլ՝ պետի տեղակալի պաշտոններում։
«Տեղյակ եմ, որ ամեն մի ընտրությունից, քվեարկությունից առաջ կառավարման ամբողջ համակարգը իշխանությունների հրահանգով սկսում է աշխատել իշխանությունների դիրքորոշման համար․ կրթական համակարգ կլինի, առողջապահություն, թե՝ ցանկացած համակարգ», - ասում է Արմեն Մարտիրոսյանը:
Իշխող հանրապետականները, մինչդեռ, տրամագծորեն հակառակն են պնդում։ Երեկ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցած ԳՄ նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց՝ նոր Ընտրական օրենսգրքի նախնական տարբերակից դժգոհ չեն։