ԱՄՆ Ջորջիա նահանգի խորհրդարանը ընդունել է բանաձև, որում ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը և միջազգային հանրությանը կոչ է անում «պատշաճ ճանաչում տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը՝ որպես ազատ, անկախ և ինքնիշխան ժողովրդավարության»: Այդ մասին հաղորդել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևելյան տարածաշրջանի գրասենյակը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն՝ թիվ 1580 բանաձևի նախագիծը նահանգի Ներկայացուցիչների պալատին ներկայացնելու նախաձեռնությունը գլխավորել են Դեմոկրատական կուսակցությունից խորհրդարանականներ Փեթ Գարդները և Դեմեթրիուս Դագլասը, որոնք սերտորեն համագործակցել են Հայ դատի տեղի կառույցի հետ: Նախագծի օգտին են քվեարկել նահանգային խորհրդարանի թե՛ դեմոկրատ և թե՛ հանրապետական պատգամավորներ, քվեարկությունը կայացել է մարտի 2-ին:
Հայ դատի տեղական գրասենյակի պատասխանատուները նահանգի հայ համայնքի անունից ողջունել են Գարդների և Դագլասի ջանքերը:
Հաղորդագրությունում նշված է, որ Ջորջիան դարձավ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչած ամերիկյան 6-րդ նահանգը՝ Կալիֆորնիայից, Լուիզիանայից, Մեյնից, Մասաչուսեթսից և Ռոդ Այլենդից հետո: