Այսօր կշարունակվի Ավետիսյանների սպանության գործով վկաների հարցաքննությունը

Ավետիսյանների սպանության գործով դատական նիստերից մեկը, արխիվ

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում այսօր կշարունակվի Ավետիսյանների սպանության գործով որպես վկա ներգրավված սահմանապահների հարցաքննությունը։

Հիշեցնենք, որ վկաների հարցաքննության մեկնարկին դատարան էին կանչվել նաև մի շարք ռուս զինծառայողներ, սակայն նիստից առաջ դատարանը գրություն էր ստացել 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ուստինովից այն մասին, որ վերջիններս հանվել են ռազմաբազայի անձնակազմի ցուցակից և Հայաստանում չեն գտնվում։ Նրանց թվում էր, մասնավորապես, ամբաստանյալ Վալերի Պերմյակովի անմիջական հրամանատար Անդրեյ Նիկիշինը՝ պահակակետի պետը։ Վերջինիս մասին ասված էր, որ նա այլևս ռուսաստանյան զինված ուժերում չի ծառայում։

Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները հնարավոր է այսօր միջնորդություն ներկայացնեն՝ պահանջելով գտնել Նիկիշինին և որպես վկա ներգրավել գործում։ Նրանց խոսքով, Պերմյակովի անմիջական հրամանատարը գործում կարևոր վկաներից մեկն է։