Իշխող Հանրապետականի պնդմամբ, աննպատակահարմար է, որ բյուջեն հավաքող և ծախսող կառույցները լինեն միևնույն մարմնում, քանի որ դա «ռիսկեր է պարունակում»:
Մինչդեռ, հիշեցնենք, ընդամենը երկու տարի առաջ՝ 2014թ․ ապրիլին, հենց նախագահ Սերժ Սարգսյանն իր հրամանագրով կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն միացրեց Ֆինանսների նախարարությանը՝ ընդհանուր այդ կառույցի ղեկավար նշանակելով Գագիկ Խաչատրյանին: Ու թեև այն ժամանակ տնտեսագետներն ու ընդդիմադիր գործիչները զգուշացնում էին հնարավոր ռիսկերի մասին, սուպերնախարարությունը գործեց գրեթե երկու տարի:
Երեկ Սերժ Սարգսյանն իր հրամանագրով դարձյալ բաժանեց երկու կառույցները: Ինչպես «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, տարանջատումն արվում է Հանրապետականի և Դաշնակցության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում, ըստ որի, երկու ուժերը նաև խոստանում են պայքարել կոռուպցիայի դեմ՝ տարանջատելով բիզնեսն իշխանությունից:
«Մենք այսպես ենք ձևակերպում՝ նպատակահարմար ենք գտնում, որ հավաքագրողն ու ծախսողները լինեն նույն միավորման մեջ, այո՛, ռիսկեր են առաջանում: Ես իհարկե չեմ ուզում քննարկել, թե նախկինում ինչն էր խանգարում, որ չմիացնեին, չենք քննարկում այդ հարցը: Հիմա մենք նպատակահարմարությունից ելնելով, երկու քաղաքական ուժերի համագործակցության համաձայնագիրը ստորագրելուց հետո և այդ դրույթներից ելնելով, Հայաստանի Հանրապետության նախագահի փետրվարի 12-ի ելույթի դրույթներից ելնելով, նպատակահարմար ենք համարում այս բաժանումը»,- ասաց Բաղդասարյանը:
Պատասխանելով «Ազատության» հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ կատարվող փոփոխությունների շրջանակներում Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին, հաշվի առնելով, որ քաղաքացիական հասարակությունը շահերի բախում էր տեսնում՝ մատնանշելով Խաչատրյանի հարազատներին պատկանող խոշոր բիզնեսները, Վահրամ Բաղդասարյանն ասաց՝ Ֆինանսների նախարարության և հարկային ու մաքային մարմինների տարանջատումը կոնկրետ անձի հետ կապ չունի:
«Անձերի խնդիր դրված չէ, և մենք անձը չենք քննարկել այս պարագայում, մենք նպատակահարմարությունն ենք ավելի շատ քննարկել: Խնդրում եմ լրագրողներին և ընդհանրապես բոլորին՝ չմտել մարդկանց ընտանիքներ: Ո՞վ է ասել, որ որևէ պաշտոնյայի բարեկամները չպետք է զբաղվեն բիզնեսով: Ես նման սովորություններ չունեմ, որ մտնեմ մարդկանց ընտանիքներ․․․ ոչ, ես այդտեղ շահերի բախում չեմ տեսնում, ես մարդու աշխատանքը գնահատում եմ իր կատարած գործերով»,- շարունակեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը:
Մինչդեռ, Հանրապետականի հետ իշխանությունը կիսող Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանձնաժողով ներկայացված՝ Գագիկ Խաչատրյանին վերաբերող դիմումին, ընդգծեց, թե բիզնեսն իշխանությունից տարանջատելու և կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է մշակել կոնկրետ մեխանիզմներ:
«Ինչպես հիշում եք՝ նույն Էթիկայի հանձնաժողովը քննարկել է էդպիսի հարց, էնտեղ որոշվել է՝ քանի որ ուղղակի ինքը չի այդ բիզնեսի մեջ, համարվել է, որ բարձրացված հարցը անտեղի է և մերժվել է: Բայց ես կարծում եմ, որ պետք է մի քիչ ավելի լայն դիտվի այդ շրջանակը՝ հիմա կարող է բուն պաշտոնյան անձամբ չունենա կոնկրետ ներգրավում բիզնեսի մեջ իր անվամբ, բայց իր ամենամոտիկ շրջանակը՝ բարեկամները եթե դրա մեջ են, մենք գիտենք, թե Հայաստանում դա ոնց է տեղի ունենում: Ուրեմն, այս ամենը նույնպես պետք է վերանայվի, մոտեցումներն այս առումով պետք է դառնան ավելի խստապահանջ, որպեսզի կարողանանք այս իրավիճակը կտրուկ փոխել»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նա նաև տեղին համարեց Սերժ Սարգսյանի երեկվա որոշումը, որով Ֆինանսների նախարարությունը տարանջատվում է հարկայինից: «Ճիշտ չի, որ այդ երկու կառույցները գտնվեն մի տեղում: Ով որ հետևում և վերահսկում է ֆինանսական շարժերը, և մյուսը, որ կոչված է հավաքելու, մուտքերն ապահովելու, կարծում եմ՝ դրանք պետք է իսկապես իրարից անջատ լինեն, որպեսզի վերահսկողությունն ավելի լիարժեք լինի»,- հիմնավորեց Ռուստամյանը:
Նշենք, որ մամուլի տեղեկություներով, հարկային և մաքսային մարմիների նոր ղեկավար է նշանակվելու նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Վահրամ Բաղդասարյանը խորհուրդ տվեց սպասել նախագահի հրամանագրերին, բայց և այնպես, գովաբանեց Հովսեփյանի արժանիքները: «Ձեր նշած անձնավորությունը բավականին պատրաստ և փորձառու անձնավորություն է, և բարձր եմ գնահատում Հովսեփյանի կարողություները․․․»:
Կմիավորվի՞ Պետեկամուտների կոմիտեն Ֆինանսների նախարարության հետ, թե ոչ՝ այս հարցը, տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանի համոզմամբ, որևէ նշանակություն չունի: Փորձը ցույց տվեց, որ կառավարությունն անարդյունավետ էր գործում, երբ այս երկու կառույցները դեռ միացված չէին, կառավարությունը նույնքան անարդյունավետ աշխատեց, երբ դրանք միավորվեցին, նկատում է Գևորգյանը: Նրա փոխանցմամբ, նախարարություններն իրարից բաժանելով կամ միացնելով, պետությունը որևէ կերպ չի շահում, իսկ այդ ամենն արվում է «կոնկրետ անձանց համար»:
«Բացառապես լուծվում է անձերի խնդիր, մի որոշակի անձի ազդեցությունը թուլացնելու, մեկ ուրիշինը՝ ուժեղացնելու․․․ տվյալ դեպքում նախ՝ թուլացվում են Գագիկ Խաչատրյանի դիրքերը, հետո՝ ուժեղացվում են մեկ այլ անձի դիրքերը․․․ կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը նոր խաղացող է մտցնում կառավարության մեջ՝ իր ենթակայությամբ աշխատող Հովհաննես Հովսեփյանին: Քննարկել, որ դրանից երկրի տնտեսությունը կշահի կամ կտուժի, անիմաստ է, որովհետև նման խնդիր դրված չէ»,- ասաց Գևորգյանը:
Կարո՞ղ է արդյոք սա մեկնաբանվել իբրև ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ստորագրված համագործակցության մասին փաստաթղթում նշված՝ բիզնեսն իշխանությունից տարանջատելու մասին դրույթի կենսագործում: Այս հարցին ի պատասխան, տնտեսագետը նշեց․ - «Հովհաննես Հովսեփյանի նշանակումը այդ հայտարարության ճիշտ հակառակ դրսևորումը կդառնա: Կառավարություն է գալիս մի մարդ, որը շատ հայտնի է իր գործարար անցյալով, ներկայով և կարծում եմ՝ նաև ապագայով: Այսինքն, եթե ցանկանում եք սերտաճեցնել բիզնեսը պետական կառավարման հետ, ապա Հովհաննես Հովսեփյանի թեկնածությունից ավելի հաջող տարբերակ գտնելը դժվար է»: