Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ Սերժ Սարգսյանն իր իսկ հրամանագրով սահմանված ժամկետներին հետամուտ չի լինում․ - «Սահմանադրական նորմերը չեն պահպանվում, ուր մնաց թե մենք հիմա խոսենք հրամանագրով սահմանված ժամկետների պահպանման կամ չպահպանման հարցի մասին: Ուղղակի հերթական անգամ արձանագրում ենք, որ իրավական նորմերի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունք [է դրսևորվում]»:
Հանրապետական Վահրամ Բաղդասարյանին լրագրողներն այսօր հիշեցրել են Ընտրական օրենսգրքի նախագիծը խորհրդարան ներկայացնելու վերջնաժամկետի մասին: Պատգամավորն արձագանքել է․ - «Երկու օրվա համար, եթե կան տենց պատժամիջոցներ, կարող եք կիրառել»:
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը (ՀՀԿ) պարզաբանեց ուշացման պատճառը՝ կառավարության հեղինակած նախագիծը նախ պետք է հաստատի գործադիրը․ - «Առաջիկա նիստը, կարծես թե, մարտի 3-ին է: Ամենայն հավանականությամբ, այդ նիստով կհաստատվի և կգա Ազգային ժողով: Մեկ-երկու օրը․․․ պարզ է, հրամանագիր է, բայց նաև հաշվի առնենք, որ կառավարության նիստը ամսի 3-ին է»:
Հարցին, թե արդյոք ձգձգումը պայմանավորված է նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելով, Սահակյանն արձագանքեց․ - «Պետք է այդ հարցադրումը ուղղեք կառավարությանը»:
Ի պատասխան դիտարկմանը, թե նոր Ընտրական օրենսգրքի նախագծի մշակմանը ընդդիմադիրներին ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին մասնակից չդարձրին, Սահակյանը խոստացավ, որ նախագծի քննարկումից հետո, մինչև առաջին ընթերցում ընկած ժամանակահատվածում իր ղեկավարած հանձնաժողովը կազմակերպելու է լսումներ ու քննարկումներ, որոնց ժամանակ ընդդիմադիր ուժերը կարող են ներկայացնել իրենց առաջարկները․ - «Եթե ունեն մոտեցումները, դրանք կարող են շատ հեշտ ներկայացնել, երբ որ [նախագիծը] կգա Ազգային ժողով: Այն աղմուկը, որը փորձում են բարձրացնել, դա այնքան էլ ճիշտ չէ և ազնիվ չէ»:
Ընդդիմադիրների գլխավոր պահանջներից մեկը ընտրություններին մասնակցածների ցուցակների հրապարակումն է: Օրեր առաջ Հայ ազգային կոնգրեսը դիմեց քաղաքական ուժերին և քաղաքացիական նախաձեռնություններին՝ Ընտրական օրենսգրքի շուրջ համատեղ առաջարկներ ներկայացնելու կոչով: Խորհրդարանական ընդդիմությունը սկզբունքորեն դեմ չէ միասնական ճակատ ստեղծելուն:
Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանը, սակայն, չհստակեցրեց՝ ցուցակների հրապարակման պահանջը նախագծում հաշվի առնվելո՞ւ է, թե՞ ոչ․ - «Եթե ունեն այս կամ այն տեղամասում որևէ հիմնավոր կասկած, որ այնտեղ եղել են ընտրախախտումներ, շատ պարզ կարող է հանձնաժողովի իրենց անդամը կամ վստահված անձը ընդամենը պարզ հայերենով երկու-երեք տող շարադրի, բողոքարկի այդ տեղամասի քվեարկությունները, և այդ ցուցակները ձեր, մեր, բոլորի համար կդառնան հրապարակային, կդառնան տեսանելի բոլորի համար»:
Արթուր Սաքունցը մեծ հույսեր չունի, թե հաշվի կառնվեն ընտրախախտումները կանխարգելելու ուղղությամբ քաղաքացիական հասարակության առաջարկությունները․ - «Հիմնական խնդիրը, որ նախագծի իրական հեղինակը՝ Սերժ Սարգսյանը պետք է լուծի, դա կայուն քաղաքական մեծամասնության հստակ ձևակերպումն է, որպեսզի կարողանա ինքը ունենա կայուն քաղաքական մեծամասնության ձևավորման կառավարելի մեխանիզմ: Եվ երկրորդը՝ ռեյտինգավորված քվեարկությունը, որում կարևոր տեղ և դեր կշարունակեն ունենալ ներկայիս օլիգարխները, որովհետև իրենք են փաստացի ֆինանսական, քրեական, տնտեսական, նաև վարչական ռեսուրսները տիրապետում, որի հետևանքները մենք տեսանք նաև հանրաքվեի խայտառակությունների ժամանակ»: