Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել անվանի արձակագիր, հայագետ, թարգմանիչ և մշակութաբան Կիմ Բակշիին` ծննդյան 85-ամյակի առթիվ:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «Ձեր ստեղծագործական ուղին էապես կապված է հայ ժողովրդի պատմության և մշակույթի հետ: Երկար տասնամյակների ընթացքում Ձեր քրտնաջան և եռանդուն աշխատանքի արդյունքը դարձան ճամփորդական նոթերը, գրքերը և վավերագրական ֆիլմերի սցենարները: Հայ մշակույթի հնագույն գանձերը, պատմության կամոք հայտնվելով աշխարհի տարբեր անկյուններում, իրենց ամբողջ շքեղությամբ և հմայքով ներկայացված են Ձեր աշխատանքներում: Ձեր աշխատանքները մեր ժողովրդի բազմաթիվ որդիների և դուստրերի քաջալերեցին սևեռուն ուշադրություն դարձնել մեր ժողովրդի պատմական հարուստ ժառանգությանը, օժանդակեցին ամբողջ աշխարհում հայ մշակույթի հանրահռչակմանը»: