Մարտիմեկյան իրադարձությունների տարելիցին ընդդիմադիր վեց ուժեր երեկոյան միասնական հավաք-երթ են անցկացնելու՝ «Ընդդեմ պետական ահաբեկչության» կարգախոսով:
Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրես, Ստեփան Դեմիրճյանի՝ Հայաստանի Ժողովրդական կուսակցություններին, Րաֆֆի Հովհաննիսյանի ու Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնած «Նոր Հայաստան» շարժմանը համատեղ հայտարարությամբ միացել են նաև Պարույր Հայրիկյանի ղեկավարած «Ազգային ինքնորոշում միավորում»-ը, Աշոտ Մանուչարյանի «Հայաստան» նախաձեռնությունն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ղեկավար անդամ է Նիկոլ Փաշինյանը:
Այսօր Ազատության հրապարակում հրապարակվելիք հայտարարության հեղինակները զուգահեռներ են տանում սահմանադրական հանրաքվեի հետ՝ եզրակացնելով, որ «ռեժիմը շարունակում է Մարտի 1-ի տրամաբանության զարգացմամբ մերժել ժողովրդի քվեն և յուրացնել իշխանությունը»:
Ընդդիմադիրները պահանջում են անհապաղ ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին «և մյուս բոլոր քաղբանտարկյալներին»: «Մարտիմեկյան ոճրագործության կրկնությունը հնարավոր է բացառել և բռնապետության դեմ պայքարը հաջողել միայն ռեժիմի հեռացմանն ուղղված` ժողովրդական լայն դիմադրության ձևավորմամբ», - ասված է քաղաքական վեց ուժերի հայտարարությունում:
Լևոն Զուրաբյանը պնդում է՝ հերթական տարելիցին գործի բացահայտումը նույն տեղում է, ինչ ութ տարի առաջ, չնայած քննությանը թափ հաղորդելու մասին Սերժ Սարգսյանի կամ սայլը տեղից շարժելու՝ Գևորգ Կոստանյանի խոստումներին։
«Երբ որ գործը պետք է բացահայտի նա, ով դա արել է, ի՞նչ եք կարծում, դա հե՞շտ բացահայտվող գործ է։ Շատ հեշտ բացահայտվող գործ է իրականում, և դրա մասին ԵԽԽՎ-ն իր բանաձևերից մեկում գրել է՝ ընդամենը պետք է հետազոտել հրամանի շղթան։ Էդ մարդիկ հրամաններ են ստացել ոստիկաններից, էդ կրակողներից ոչ ոք չի գործել առանց հրամանների, և հասկանալի է՝ երբ որ իշխանության են այն մարդիկ, ովքեր կանգնած են այդ հրամանների շղթայի վերջում, նրանք թույլ չեն տա, որ քննությունը գոնե մեկ քայլ առաջ կատարի դեպի այդ ոճրագործության բացահայտումը» , - «Ազատության» հետ զրույցում ասաց Զուրաբյանը։
Հայ ազգային կոնգրեսը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախագիծ, որով մարտի 1-ը հռչակվում է «զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր»։
«Սա գոյություն ունի, սա ընդամենը պետք է պաշտոնականացնել, դարձնել պետական նշվող օր, և երկրորդը՝ այո՛, սրանով մենք ուզում ենք ասել, որ ժողովուրդը, հասարակությունը, մենք բոլորս չենք հաշտվում էս իրողության հետ, անգամ բացահայտումից հետո, որովհետև սա պետք է դառնա հիշեցում մեր բոլորիս, որ նման հանցագործությունները պատժվում են և երբեք չպետք է կրկնվեն: Որովհետև սա բացառիկ բան էր, սա առաջին անգամ էր հայոց պատմության մեջ, երբ որ իշխանությունը կրակում է սեփական ժողովրդի վրա՝ մահաբեր զենքով», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։
2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան, հիշեցնենք, ոստիկանները հարձակվեցին Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, որոնք իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրը ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով 10 մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: