Գյումրեցի գործազուրկ, 22-ամյա Վառլամ Պապիկյանը այսօր օրենքով սահմանված նվազագույն պատիժը ստացավ` 500 հազար դրամ տուգանք, հանրաքվեի օրը ընտրակեղծիք կատարելու համար:
Երիտասարդը իր փոխարեն քվեարկելուց հետո այցելել էր նաև բնակության վայրից բավականին հեռու գտնվող տեղամաս ու քվեարկել Աշոտ Կարապետյանի փոխարեն:
Ամբաստանյալի աթոռին հայտնված Վառլամ Պապիկյանը միջնորդեց դատարանին, որպեսզի իրեն չտեսանկարահանեն: Նիստն էլ ընթացավ հանրաքվեից հետո քննվող նմանատիպ մյուս գործերի նման` արագացված կարգով, առանց հանցանքի պատճառներն ու հանգամանքները ուսումնասիրելու:
Ամբաստանյալն իրեն մեղավոր ճանաչեց, մեղադրողն էլ միջնորդեց ազատազրկելու փոխարեն 600 հազար դրամի տուգանք սահմանել՝ հաշվի առնելով, որ ընտրակեղծարարը զղջացել է արածի համար:
Դատարանը ավելի մեղմ գտնվեց գործազուրկ ընտրակեղծարարի նկատմամբ և 600 հազար դրամի փոխարեն 500 հազար տուգանք սահմանեց։
Դատական նիստի ավարտից հետո ընտրակեղծարարը շատ արագ հեռացավ դատարանից՝ չպատասխանելով «Ազատության» հարցին, թե ի՞նչն էր դրդել նրան նման քայլի գնալ և, լինելով գործազուրկ, ինչպե՞ս է վճարելու 500 հազար դրամ տուգանքը: