Մարտի մեկը Զրո խտրականության օրն է։ Այն միջազգային տոն է, որը խրախուսում է զանազանությունը և ճանաչում բոլոր մարդկանց հավասարությունը։ «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում Freedom House վերլուծական կենտրոնի ներկայացուցիչը նաև անդրադառնում է խտրականության հարցին Հայաստանում:
Միավորված ազգերի կազմակերպությունը մի շարք այլ նմանատիպ հաստատությունների հետ միասին ակտիվորեն նպաստում է Զրո խտրականության օրվա լուսաբանմանը: Այս տոնի կապակցությամբ մարտի մեկին զանազան միջոցառումներ են կազմակերպվում մարդկային կյանքը գովաբանելու համար՝ անկախ նրանց տարիքից, սեռից, սեռական կողմնորոշումից, ազգությունից, ազգային պատկանելությունից, մաշկի գույնից, քաշից, մասնագիտությունից, կրթությունից և կրոնից:
Զրո խտրականության օրվա այս տարվա կարգախոսն է՝ «Դուրս արի և մեկնիր ձեռքերդ», որը միջազգային հանրությանը խրախուսում է միավորվել և հարգել միմյանց միջև առկա տարբերությունները:
Այս տոնի խորհրդանիշը թիթեռնիկն է, որը մարդիկ հաճախ օգտագործում են իրենց պատմությունները կիսելու համար՝ մյուսներին քաջալերելով վերջ տալ խտրականությանը:
Աշխարհի մի շարք երկրներում միլիոնավոր կանայք և աղջիկներ բռնության են ենթարկվում, զրկված են բժշկական օգնությունից և կրթության իրավունքից: Գրեթե 80 պետություններում միասեռականությունը պատժելի հանցանք է համարվում և 38 պետություններում ՄԻԱՎ-ի վարակով տառապող մարդկանց մուտքն արգելվում է:
«Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում Freedom House վերլուծական կենտրոնի փորձագետներից Էլեն Աղեկյանը նշում է, որ հետխորհրդային երկրների կառավարությունների մեծ մասը աչք են փակում խտրականության դրսևորումների վրա կամ նույնիսկ իրենք են խրախուսում այն: Նրա խոսքերով, նման քաղաքականությունը խորապես արտահայտված է Ռուսաստանում:
«Այս երկրներում խտրականություն են դրսևորում թե՛ փոքր խմբավորումները և թե՛ կառավարությունը: Մարդկանց աշխատանք չեն տրամադրում նրանց ազգային պատկանելիության, հաշմանդամ կամ պարզապես կին լինելու պատճառով», - ասում է փորձագետը:
Էլեն Աղեկյանի խոսքերով, Հայաստանում խտրականության դեմ պայքարի առաջընթաց է նկատվում:
«Կառավարությունը քաղաքացիական-հասարակական կազմակերպությունների հետ քննարկում է օրենսդրությունը խտրականության առումով բարելավելու հարցը: Ես կասեի, որ Հայաստանում խտրականության ենթարկվող ամենախոշոր խումբը կանայք են, այնուհետև՝ սեռական փոքրամասնությունները, հաշմանդամները, նաև ազգային փոքրամասնությունները և կրոնական խմբերը, ինչպես՝ Եհովայի վկաները և եզդիները», - նշում է փորձագետը:
Էլեն Աղեկյանի խոսքերով, Հայաստանում առաջընթացի մեծ հույս կա, որն արտահայտվում է քաղաքացիական-հասարակական կազմակերպությունների հանդեպ կառավարության վախով: Նրա կարծիքով, Հայաստանի կառավարությունը պետք է շարունակի համագործակցել այս կազմակերպությունների հետ օրենսդրության բարելավման և խտրականության վերաբերյալ բնակչությանը կրթելու շուրջ: