Մարտիրոս Սարյանը ծնվել է նահանջ տարում՝ 1880 թվականի ճիշտ այս օրը՝ փետրվարի 29-ին: Անցյալ տարին հոբելյանական էր՝ լրացել էր մեծագույն արվեստագետի 135-ամյակը, բայց այն որևէ կերպ չնշվեց, որովհետև նրա տուն-թանգարանը հիմնանորոգման մեջ է 2013 թվականից: Այս տարի ևս արվեստասերները չեն կարող վայելել Սարյանի շունչն իր թանգարանում, քանի դեռ նույնիսկ տնօրինությանը հայտնի չէ, թե երբ այն կբացի դռները այցելուների առջև:
Մոտ 9 տարի է՝ թանգարանը ղեկավարում է արվեստաբան, Սարյանի թոռնուհի Ռուզան Սարյանը, որի խոսքով՝ պետությունը հսկայական գումարներ է ծախսել թանգարանի հիմնանորոգման համար՝ Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ, և հիմա, երբ վերանորոգումը, կարելի է ասել, գրեթե ավարտված է, Սարյանի թանգարանը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին և հենց իր՝ Վարպետի անվանը:
«Բայց և շատ կարևոր էր ունենալ այն ինֆրաստրուկտուրան, որը թանգարանների համար անհրաժեշտ է, այսինքն՝ ցանկացած ժամանակակից թանգարան պետք է ունենա այդ հնարավորությունները․ ունենա ինչ-որ մի դահլիճ, որտեղ կարելի է անցկացնել կոնֆերանսներ, կարելի է անցկացնել համերգներ՝ չվնասելով նկարներին, և այլն, աշխատակազմը պետք է ունենա հարմարավետ պայմաններ աշխատելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ռուզան Սարյանը:
Սարյանի մյուս թոռնուհին՝ թանգարանի ֆոնդապահ Սոֆյա Սարյանն էլ հավելում է, որ վերանորոգումից հետո, երբ թանգարանը դռները բացի, այցելուները ոչ միայն կրկին հնարավորություն կունենան վայելել հանճարեղ գեղանկարչի արվեստը, այլև հաճելիորեն կզարմանան, քանի որ այսուհետ թանգարանը համալրված է նաև Սարյանի տան բնակելի հատվածով:
«Եվ, իհարկե, թանգարանը կմտնի իր պատմության մի նոր փուլ, քանի որ մենք միշտ ասել ենք՝ Սարյանի տուն-թանգարան, բայց մինչ օրս ցուցադրվել են սրահները և իր արվեստանոցը, իսկ այդ տան մասը, որտեղ նա բնակվում էր, դեռևս բաց չէր այցելուների համար: Այս նորոգումից հետո արդեն կբացվեն հենց այն սենյակները, որտեղ Վարպետը ապրել է և մինչև վերջին ժամանակներս բնակվում էին իր ընտանիքի անդամները: Եվ հետաքրքիր կլինի ծանոթանալ նրա կենցաղին, այն իրերին, որոնք իրեն շրջապատել են կյանքի ընթացքում», - ասաց Սոֆյա Սարյանը:
Նա կարևորեց, որ «պահպանության համար ստեղծվեցին շատ, այսպես ասած, երազելի պայմաններ, քանի որ ստեղծվեց թանգարանային ներքին մթնոլորտ, և հիմա վերահսկվում է օդի փոխանակումը, ջերմաստիճանը, և, իհարկե, շատ կարևոր հակահրդեհային և ազդանշանային համակարգը, այդ ամբողջը հենց թանգարան ասվածին համապատասխան այսօրվա պահանջներին արվել է»: