Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձևը բուռն քննարկումներ է հարուցել Բունդեսթագում

Քվեարկությունը, սակայն, հետաձգվեց մինչև ապրիլի 24-ը:

Իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնյա սոցիալական միություն կոալիցիայի ներկայացուցիչները նախընտրեցին չվտանգել Թուրքիայի հետ փախստականների հարցով բանակցային գործընթացը:

Կանաչների կուսակցությունը առաջարկեց բանաձևը քվեարկության դնել փախստականների հարցով հաջորդ ամիս կայանալիք Թուրքիա - ԵՄ գագաթնաժողովից հետո:

Կողմերը համաձայնության եկան վերամշակել և քննարկման դնել մեկ միասնական բանաձև, որը կպարունակի երեք հիմնադրույթներ` հստակ հայտարարել, որ 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն են, ընդունել Գերմանիայի պատմական մեղսակցությունը, նպաստել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը:

Կանաչների կուսակցության համանախագահ, օրինագծի հեղինակներից Ջեմ Օզդեմիրը դժգոհություն է հայտնել իշխող կոալիցիայի` «Էրդողանին չբարկացնելու» դիրքորոշման վերաբերյալ:

Օրերս «Ակօս» պարբերականին տված հարցազրույցում Օզդեմիրը նշել էր, որ խորհրդարանական ուժերը հիմնականում աջակցում են իրենց բանաձևին: Սակայն, երբ առաջ է գալիս միջպետական հարաբերությունների հարցը, բանաձևը հայտնվում է փակուղում:

Բանաձևի համահեղինակ, ազգությամբ թուրք Օզդեմիրն ընդգծել է, որ իրենց բարձրացրած հարցը քաղաքական լինելուց բացի՝ ավելի շատ խղճի հարց է:

Բունդեսթագը 2005 թվականին արդեն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում` չօգտագործելով, սակայն, ցեղասպանություն եզրույթը: 2015 թվականի մարտին, երբ այս հարցը կրկին խորհրդարանի օրակարգում էր, խորհրդարանի նախագահ Նոբերթ Լամերտը հայտարարել էր, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում ողջ աշխարհի աչքի առաջ տեղի ունեցածը ցեղասպանություն էր: Նաև նշել, էր, որ «դա 20-րդ դարի վերջին ցեղասպանությունը չէր»:

Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը ևս Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված հիշատակի արարողության ժամանակ օգտագործել էր ցեղասպանություն եզրույթը: