Արդեն տասը տարի է՝ Պրահայի քաղաքային միջավայրի մաս են կազմում նաև սքվոթները:
Սքվոթինգը լքված շենքերի ու չօգտագործվող տարածքների գրավումն է՝ անօրինական կերպով: Չեխիայի մայրաքաղաքում մինչ այսօր գործել են երեք սքվոթներ, որոնց շուրջ մեծ աղմուկ է բարձրացել հանրային շրջանակներում, լրատվամիջոցներում:
Ամենահայտնին և այժմ էլ գործողը Կլինիկան է. ակտիվիստներն այն գրավել են 2014 թվականի նոյեմբերին, սակայն ոստիկանները նրանց օրեր հետո հեռացրել էին: Կլինիկա սքվոթի պաշտպանություն համար մեծ շարժում է սկսվել, Չեխիայի տարբեր քաղաքներում կազմակերպվել են համերգներ, ակցիաներ, ի վերջո Պրահայի քաղաքապետարանը պայմանագիր կնքեց սքվոթերների հետ՝ թույլատրելով նրանց շենքը տնօրինել մեկ տարով:
Կլինիկայի բնակիչ Բարա Ստիպկովան «Ազատության» հետ զրույցում պատմել է, որ մինչ գրավելը Կլինիկան լքված շենք էր, իսկ տարիներ առաջ ծառայել է որպես թոքաբուժական կլինիկա:
«Որոշ ծրագրեր մենք ի սկզբանե որոշել էինք անցկացնել, օրինակ՝ վորքշոփներ, դասախոսություններ, համերգներ, սակայն հետո տարբեր մարդիկ իրենց առաջարկներով դիմեցին, այդպես հիմա ունենք նաև լեզուների դասընթացներ, ինքնապաշտպանության դասեր, ջերմոց, խաղասրահ երեխաների համար: Հիմա մեզ մոտ նաև հավաքում են իրեր, որ ուղարկվում են Հունաստանի սահման՝ սիրիացի փախստականներին», - ասել է Ստիպկովան:
Կլինիկայում ռումիներենի դասեր է անցկացնում Յան Օրտը. սա նրա դասավանդման առաջին փորձն է: Յանն «Ազատությանն» ասել է, որ թեև Չեխիայում 300 հազար ռումինացի կա, ռումիներենի դասընթացներ չկան:
«Ինձ համար Կլինիկան ապացույց է, որ սքվոթները վտանգավոր տեղ չեն, սքվոթերներն էլ հասարակությունից դուրս, տարօրինակ մարդիկ չեն: Իմ ուսանողներից շատերը ոչինչ չգիտեն սքվոթների մասին, Կլինիկայի մասին, նրանք գալիս են դասի ու իմանում, որ սա սքվոթ է, հետո՞ ինչ», - ասել է Օրտը:
Կլինիկայում նաև դասախոսություններ և քննարկումներ են անցկացվում: Կազմակերպիչները պատմում են, որ Կլինիկայում դրանք ավելի բազմամարդ են լինում, քան դասական համալսարանական միջավայրում:
Կլինիկայից առաջ սքվոթերները գրավել էին Ցիբուկլա կոչվող շենքը: Սա պատմական շինություն էր, որի սեփականատերը պարտավոր էր պահպանել այն: Սեփականատերն ի վերջո թույլատրել էր սքվոթերներին ապրել շենքում, նաև որպեսզի նրանք խնամեն այգին և հետևեն շենքին:
Ցիբուկլայից առաջ սքվոթերները հեռացվել էին Միլադա տարածքից: Միլադան համալսարանական շենք էր, այստեղից սքվոթերներին հեռացրել էին՝ պատճառաբանելով, որ շենքը պետք է այլ նպատակով օգտագործվի:
Միլադայից սքվոթերներին հեռացրել են 5 տարի առաջ, Ցիբուկլայից՝ 2 տարի առաջ, ոչ մի շենքն էլ մինչ այժմ չի օգտագործվում:
«Եթե էլի նման տեղեր լինեն, դա կարող է նշանակություն ունենալ հասարակության համար, բայց Կլինիկան այնքան փոքր է: Սա իմաստ ունի որոշ մարդկանց կամ խմբերի համար, և ինձ թվում է՝ այսքանը բավարար է, ես սոցիալական հեղափոխություն անելու պատրանքներ չունեմ», - ասել է Բարա Ստիպկովան: