Բուրսայում հայկական եկեղեցի է վաճառքի հանվել

Թուրքիայում 300-ամյա հայկական եկեղեցին վաճառքի է հանվել 1,5 միլիոն դոլարով:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Sahibinden անշարժ գույքի գործակալության կայքում տեղադրված է Բուրսայի կենտրոնում գտնվող եկեղեցու խարխուլ, եռահարկ շենքի լուսանկարը: Նշվում է, որ հայկական եկեղեցու հարևանությամբ գտնվում է Թուրքիայի հինգերորդ սուլթանի՝ Մեհմեդ առաջինի գերեզմանը, ինչպես նաև 14-րդ դարի սուլթան Բայազետ առաջինի խորհրդականի ու փեսայի դամբարանը:

Անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող գործակալ Թայֆուն Օզենգիրլերը ասել է, որ եկեղեցու շենքը 1986 թվականին գրանցվել է որպես պատմական հուշարձան:

«Այդ վայրում, որտեղ գտնվում է եկեղեցին, մի ժամանակ ապրել են հայերը: Յուրաքանչյուր անկյունում դուք կարող եք զգալ պատմության շունչը»,- «Անադոլու» գործակալությանը ասել է Օզենգիրլերը:

Մինչ 1453 թվականին Կոնստանդնուպոլսի գրավումը, Բուրսան Օսմանյան կայսրության մայրաքաղաքն էր և հայկական մշակույթի կենտրոնը: Ստամբուլ տեղափոխվելուց առաջ այստեղ էր գտնվում նաև հայ եկեղեցու պատրիարքարանը:

Անշարժ գույքի գործակալն ասել է, որ եկեղեցու շենքի վաճառքի հայտարարության կապակցությամբ մի շարք հարցումներ են ստացել:

«Ոչ մեկը պահանջվող գումարին համաձայն չէր, բայց մենք վաճառողների համար ամեն ինչ կանենք»,- «Անադոլու»-ին ասել է Օզենգիրլերը: