Մարտի 1-ին առաջին անգամ պաշտոնական այցով Երևան կժամանի Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, ով մինչ այդ կլինի նաև Ադրբեջանում։
Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով՝ կայանալիք հանդիպումների ու բանակցությունների գլխավոր առարկան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների նոր ձևաչափն է։
Պաշտոնական Երևանն ակնկալում է, որ Մոգերինիի այցը կխթանի Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այնուամենայնիվ, դեռ հնարավոր չէ ասել, թե երբ կավարտվեն պաշտոնապես անցած դեկտեմբերին մեկնարկած այդ բանակցությունները։
«Դժվարանում եմ ժամկետ ասել, բայց մի բան կարող եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը չափազանց շահագրգիռ է, որ դա լինի հնարավորինս արագ»,- ասաց Քոչարյանը:
Մոգերինիի այցը Հայաստանի երկրորդ հնարավորությունն է՝ ամրապնդելու կապերը Բրյուսելի հետ, կարծում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, ով ևս հանդիպելու է եվրոպացի բարձրաստիճան հյուրի հետ:
«Այս այցը նաև ցույց է տալիս, որ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումն արագանում է։ Սա Հայաստանի համար հազվագյուտ 2-րդ հնարավորությունն է՝ վերաձևելու հարաբերությունները Եվրոպական միության հետ, իսկ Եվրամիության համար հնարավորություն է՝ ուժեղացնելու Արևելյան հարևանության ծրագիրը»,- ասաց Կիրակոսյանը։
Նա հիշեցրեց, որ անցյալ ամիս Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի նիստից հետո եվրոպացի պաշտոնյաները, Եվրամիության տարածած հաղորդագրության համաձայն, դրական համարելով բարեփոխումների ընթացքը, միաժամանակ կոչ էին արել Հայաստանի իշխանություններին՝ արագացնել բարեփոխումները հատկապես ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով։ Խոսել էին նաև ընտրական համակարգի բարեփոխումների անհրաժեշտության մասին։
«Ակնհայտ է, որ Եվրամիությունը ցանկանում է, որ Հայաստանն ավելի արագ առաջ շարժվի ոչ միայն բանակցությունների, այլև բարեփոխումների ուղղությամբ։ Սահմանադրական փոփոխությունների գործընթացի ավարտից հետո նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը Հայաստանի համար ժողովրդավարության նոր փորձություն է»,- շարունակեց Ռիչարդ Կիրակոսյանը:
Եվրամիության պաշտոնյաների՝ բարեփոխումներն արագացնելու վերաբերյալ հունվարյան հայտարարությունը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը չմտաբերեց: Այդուհանդերձ, նա նշեց, որ բարեփոխումներն արվում են «ավելի շատ Հայաստանի իշխանությունների ներքին մղումով»։