Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն անցած շաբաթ հանդիպել են Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների հետ, որոնք հավաստիացրել են, թե 3-4 ամսում իրենց երկրում ցուցակներից դուրս է մնացել շուրջ 400 հազար մարդ։
«Վրացիները այս գործընթացը սկսել են 2011 թվականին․ Սաակաշվիլու հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Նա այդ ժամանակ նախագահ էր, և դա իրականացվել է ընդդիմության պահանջով», - նշեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, - «Այդ աշխատանքների արդյունքում նաև մի շատ լուրջ հոգեբանական հաջողության են հասել, բացի ցուցակները մեռած հոգիներից կամ արտասահմանում բնակվողներից մաքրելուց․ հասել են քաղաքացիների վստահության բարձրացմանը»:
Մանուկյանը կարևորեց այն փաստը, որ վրացական ընտրացուցակներում կան նաև ընտրողների նկարները․ - «Այսինքն՝ ցանկացած դիտորդ, հանձնաժողովի ցանկացած անդամ տեղամասում կարող է տեսնել փաստաթուղթ ներկայացնող մարդու նկարը: Սա լրջագույն վստահություն է ներշնչում ընտրողների, քաղաքական կուսակցությունների մոտ, որ՝ մարդը գալիս է ID քարտով, բայց իր նկարը արդեն տեղամասում կա»:
ՀԱԿ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը մանրամասնեց, որ երկու փուլով իրականացված աշխատանքի արդյունքում ընտրողների հիմնական ցուցակից առանձնացվել են երկրից բացակայողների և հասցե չունեցողների անունները՝ պահպանելով նրանց ընտրելու իրավունքը։ Արամ Մանուկյանի խոսքով, ցանկության դեպքում, 6-7 ամսում Հայաստանում ևս հնարավոր է մաքրել ցուցակները:
Վրաստանում, ընդդիմադիրների փոխանցմամբ, նաև կրկնաքվեարկությունը կանխող ևս մեկ մեթոդ է կիրառվում՝ մատների (չերևացող) հատուկ հեղուկի օգտագործումը։
«Մենք նախաձեռնությամբ, բնականաբար, պատրաստվում ենք հանդես գալ», - հավելեց Վլադիմիր Կարապետյանը, ընտրացուցակները մաքրելու հարցում կարևորելով, այդուհանդերձ, իշխանությունների կամքը․ - «Այսինքն՝ շատ հստակ է, որ Վրաստանում հա՛մ իշխանությունները նախաձեռնեցին այս ամենը, և շատ կարևոր էր, որ իրենք համագործակցում էին այդ հանձնաժողովի հետ: Հանձնաժողովի համար ինքնուրույն, առանց պետական մարմինների, որոնք տիրապետում են մարդկանց ելքի-մուտքի վերաբերյալ տվյալների, շատ դժվար կլիներ իրագործել»:
Անցած շաբաթ Հայ ազգային կոնգրեսը քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին ու նախաձեռնություններին կոչ արեց միավորվել և Ընտրական օրենսգրքի շուրջ համատեղ առաջարկներ ներկայացնել իշխանությանը՝ հրապարակել ընտրությանը մասնակցած քաղաքացիների անունները, մաքրել ուռճացված ընտրացուցակները, բազմակի քվեարկության բացառման նպատակով կիրառել մատների թանաքոտման կամ ստուգման հասանելի մեխանիզմ, ընտրության օրը ինտերնետային տեսախցիկներով տեսանկարահանել տեղամասային կենտրոններն ու հարող տարածքը։