Վարչապետը ՏԿԶՆ աշխատակազմին ներկայացրեց Դավիթ Լոքյանին

Լուսանկարը՝ կառավարության լրատվականի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետը բարձր է գնահատել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Արմեն Երիցյանի արդյունավետ աշխատանքը, շնորհավորել նրան՝ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում աշխատանքը շարունակելու համար, և մաղթել բեղմնավոր աշխատանք:

Կառավարության ղեկավարը նաև շնորհավորել է Դավիթ Լոքյանին նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել հաջողություններ: Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ նա ամեն ինչ կանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության գործունեությունն արդյունավետ իրականացնելու համար և կնպաստի տարածքային կառավարման խնդիրների լուծմանն ու երկրի զարգացմանը:

Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել նախագահին, վարչապետին և ՀՅԴ-ին՝ վստահության համար: Միաժամանակ Լոքյանն ընդգծել է, որ նախարարության պրոֆեսիոնալ աշխատակազմն ունակ է իր վրա շատ ավելի մեծ պատասխանատվություն վերցնել՝ փորձելով լուծում տալ դժվարին խնդիրներին։