Տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Այդ մասին այսօր առավոտյան հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Պուտինն ու Ալիևը քննարկել են «առևտրատնտեսական համագործակցության և միջազգային օրակարգի մի շարք արդիական թեմաներ»: «Առաջնորդները մտքեր են փոխանակել սիրիական կարգավորման հարցերով՝ ընդգծելով Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանյան Դաշնության և ԱՄՆ-ի Համատեղ հայտարարության իրականացման կարևորությունը», - փոխանցում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքէջը:
Հաղորդվում է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները:
Հեռախոսազրույցի այլ մանրամասներ չեն փոխանցվում:
Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտնեց, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը նոտա է հղել Ռուսաստանի կողմից Հայաստանին 200 միլիոն դոլարի սպառազինության վաճառքի կապակցությամբ: