Հայաստան ներկրվող ավտոմեքենայի մաքսազերծման գինը պարզել կարելի է բացառապես մաքսատանը, և դա, ըստ իրավապաշտպանների, կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:
Մի խումբ վարորդներ դիմել էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ՝ բողոքելով, որ նույն մեքենան տարբեր անձանց դեպքում տարբեր գնով է մաքսազերծվում: Կազմակերպությունը փորձել էր Ֆինանսների նախարարությունից ստանալ մեքենաների մաքսազերծման գնացուցակը, սակայն մերժվում էր ստացել:
«Պատճառաբանությունն այն է, թե արդեն հրապարակված է և փակցված է մաքսատան պատին: Այս փաստաթուղթը որևէ կատեգորիայի տակ չի տեղավորվում․․․ Կարծում եմ, ուղղակի Ֆինանսների նախարարության կողմից կամայական մոտեցում է դրսևորվում՝ տեղեկատվություն չտրամադրելով, քանի որ որևէ հիմք կամ սահմանափակում գոնե օրենքով նախատեսված չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց կազմակերպության փաստաբան Անի Չատինյանը:
Նրա խոսքով, մաքսազերծման արժեքների ցանկը ծավալուն փաստաթուղթ է, այնինչ մաքսատանը փակցված է միայն դրա հակիրճ տարբերակը:
Իրավապաշտպան կազմակերպությունը դիմել էր Վարչական դատարան՝ պարտադրելու Ֆինանսների նախարարությանը տրամադրել տեղեկությունը: Երեկ դատարանը մերժեց կազմակերպության հայցը:
Մեքենաների ներկրմամբ զբաղվող Պողոս Օղլուկյանն ասում է, որ մեքենաները մաքսազերծվում են շուկայում առկա գներին համապատասխան՝ հաշվի չառնելով, թե իրականում որքան է վճարվել դրա համար․ - «Անկապ գին ա դրված: Չկա որևէ կազմակերպություն, որը գնահատում է, նոր ըստ դրա նրանք անում են այդ ռաստամոժկան: Իրենք ասում են՝ շուկայական գնից ելնելով, ձեր մեքենան արվում է ռաստամոժկա»:
Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլես» կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը երեք տարի առաջ անգամ Սերժ Սարգսյանին էր դիմել՝ ներկրված մեքենաների մաքսազերծման արժեքների ցանկը ստանալու համար:
Հովհաննիսյանը հիշեցրեց, որ երբ 2008-ին Սարգսյանը նախագահ դարձավ, հրահանգեց մաքսազերծման գնացանկը հրապարակել․ - «Ինքը հրահանգ տվեց, և Պետեկամուտների կոմիտեն շատ արագ տեղադրեց այդ ցանկը իրենց կայքում: Բայց երկու-երեք ամիս անց այդ կայքը անհետացավ»:
Պետական եկամուտների կոմիտեից կազմակերպությանը պատասխանել էին, թե միջազգային պրակտիկայում ընդունված չէ համացանցում տեղադրել մաքսազերծման արժեքների ցանկը՝ կրկին առաջարկելով ծանոթանալ դրան մաքսատան պատին:
«Ուրեմն քաղաքացին պետք է Գորիսից, Ղափանից, Ալավերդուց, ուրիշ քաղաքներից գա, հասնի այնտեղ, որ հարցնի էս ինչ արժե՞», - տարակուսեց Հովհաննիսյանը՝ դրա պատճառը համարելով «շատ մեծ կոռուպցիոն ռիսկերը»․ - «Անգամ եթե թիվն ասում են, հլա փորձեք ասել՝ մի հատ թուղթ տուր, որ գինն այսքան ա, թղթի վրա գումարը գրի․․․ Չէ, ասում ա, չենք տալի․․․»։
Ավտոներկրող Օղլուկյանն ասում է, որ լավագույն լուծումը կլիներ, եթե մեքենաները մաքսազերծվեին ձեռքբերման արժեքի գնով, ինչը ևս թույլատրված է օրենքով: Այս մեթոդը, սակայն, որպես կանոն, չի գործում: