Իրավապաշտպանները պահանջում են դադարեցնել «քաղբանտարկյալ Գասպարիի նկատմամբ հետապնդումները»

Ոստիկանները Վարդգես Գասպարիին դատարան են տանում, 15-ը փետրվարի, 2016թ.

Մի խումբ իրավապաշտպան կազմակերպություններ պահանջում են ազատ արձակել կալանավորված ակտիվիստ Վարդգես Գասպարիին՝ հայտարարելով, որ նա զրկվել է ազատությունից ակնհայտ քաղաքական պատվերի շրջանակներում։

«Մենք՝ ներքոստորագրյալ իրավապաշտպաններս, պահանջում ենք անհապաղ ազատել քաղբանտարկյալ Վարդգես Գասպարուն և դադարեցնել նրա նկատմամբ հետապնդումները»։

«Վարդգես Գասպարիի ոչ բռնի պայքարի ակցիան որևէ կերպ չի կարող հետապնդվել կալանավորմամբ, և ակնհայտ է, որ նրան ազատազրկելու որոշումն ապօրինի է ու հանդիսանում է քաղաքական հետապնդում՝ նրա հայացքների ու դիրքորոշման համար»,- ասված է հայտարարությունում, որը տարածել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը։

Հայտարարությունը ստորագրած 12 կազմակերպությունները նշում են, որ Գասպարիի եզակի անզիջում դիրքորոշմանը և սուր քննադատական գնահատականներին պետական մարմինները, հատկապես ոստիկանությունը, հակադրում են թիրախավորված ապօրինություններ՝ հետապնդումներ, բռնություն, խոշտանգումներ, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք՝ փորձելով ճնշել նրա խոսքի ազատությունը և կարծիքն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքը:

«Վարդգես Գասպարու դեմ դատավարությունների ներկայիս շղթան սկսվել է նրան վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ոստիկանության ներկայացրած հայցերից: Ակտիվիստը հրաժարվել է մասնակցել դատավարություններին՝ հաշվի առնելով դրանց ձևական բնույթն ու դատավորի կողմնակալ վերաբերմունքը և արդարացիորեն արտահայտել իր անվստահությունն իրավապահ համակարգի նկատմամբ»,- ասված է հայտարարությունում։

Հայտարարությունը ստորագրել են «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն, «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» հիմնադրամը, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների», «Հույս», «Խաղաղության երկխոսություն», «Տեղեկատվության և գիտելիքի կարիք», «Երիտասարդություն հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ները, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կենտրոնը, «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը։