Բուհի կառավարման խորհրդի նախագահ ընտրված մարզպետն ասում է՝ որևէ լծակ չի օգտագործի

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան, արխիվ

Գորիսի պետական համալսարանի նախկին ռեկտորի հետ տևական պայքարից հետո Սյունիքի մարզպետն անցած շաբաթ կրկին դարձավ համալսարանի հաստիքացուցակն ու ֆինանսական փաստաթղթերը հաստատող խորհրդի նախագահ: Հաղորդվում է, որ բուհի կառավարման խորհրդի անդամները Սուրիկ Խաչատրյանին առաջադրել ու ընտրել են միաձայն:

Նորանշանակ ռեկտոր Արտյուշա Ղուկասյանը «Ազատության» հետ զրույցում ողջունեց այս որոշումը՝ հռետորական հարց բարձրացնելով՝ ո՞վ, եթե ոչ Սուրիկ Խաչատրյանը։

«Եթե մարզի ղեկավարը իր ամբողջ զբաղվածության պարագայում ուշադրություն է դարձնում բուհին, դա լավ է։ Ինձ թվում է՝ տարօրինակ բան չկա, դա նորմալ և լավ վերաբերմունք է բուհի նկատմամբ»,- ասաց ռեկտորը։

Արտյուշա Ղուկասյանն, ի դեպ, Գորիսի համալսարանի ռեկտոր նշանակվելուց տարիներ առաջ գիտական աստիճաններ շնորհող հանձնաժողովի ղեկավարն էր, սակայն ազատվել էր այդ պաշտոնից՝ պարտականությունների թերի կատարման համար: Նրա նախորդը՝ համալսարանը տասը տարի ղեկավարած Յուրա Սաֆարյանը, մինչդեռ, սրտի ցավով է տեղեկացել Սուրիկ Խաչատրյանի ընտրության մասին: Պնդում է՝ աղմկահարույց պատմություններով հայտնի մարզպետին բուհում հետաքրքրում է միայն հազարից ավելի աշխատակիցների քվեն։

«Շահը, կադրային քաղաքականությունը, որ մեծ լծակներ ունենա հետագայում ընտրությունների հետ կապված։ Ի վերջո, Գորիսի պետական համալսարանում 1400 ընտրող կա։ Լինելով խորհրդի նախագահ՝ նա այդ կառույցի վրա մեծ ազդեցություն կունենա։ Ես 27 տարի ղեկավարել եմ բուհը, բնական է՝ պիտի իմ սիրտը ցավեր, որ մեր համալսարանի ապագան լավ հիմքերի վրա դրվեր»,- ասաց Սաֆարյանը։

Կանադայում գրանցված, բայց Հայաստանում անհայտ կազմակերպության կողմից դոկտորի կոչում ստացած Սուրիկ Խաչատրյանը, հակադարձելով իր հասցեին հնչող մեղադրանքներին, պնդեց՝ երբևէ ընտրություն չի կեղծել, նախկին ռեկտորին էլ խորհուրդ տվեց սրտի կսկիծը մեղմելու համար բժշկի դիմել. - «Սրտի հետ կապված էնքան լուրջ մասնագետներ ունենք, կտանենք, կբուժենք, ոչինչ։ Ընտրությունների ժամանակ ես որևիցե լծակ չեմ օգտագործում ոչ միայն բուհում, այլ ընդհանրապես։ Բոլորը շատ մեծ ուրախության մեջ են, որ իրանից ձերբազատվեցին։ Ստեղ բարոյական խնդիր կա»։

Սյունիքի մարզպետը դեռ անցած տարվանից էր պայքարում խորհրդի նախագահի պաշտոնի համար, սակայն նախկին ռեկտորն ասում է՝ ինքը թույլ չի տվել, քանի որ Սուրիկ Խաչատրյանը գիտության հետ կապ չունի.- «Որ Սուրիկ Խաչատրյանը լիներ պատմական գիտությունների դոկտոր, նա պիտի ինչ-որ կառույցում պաշտպաներ, բայց հայ-կանադական ինչ-որ սիրողական ընկերություն է... Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովը նման թեզի պաշտպանություն չի ճանաչում։ Խաչատրյանի մոտ կանգնած բոլոր մարդիկ, անկախ իրենց գիտելիքից և ինտելեկտից, տեղ կզբաղեցնեն բուհի ղեկավար պաշտոններում, որը ինձ համար անթույլատրելի է»։

Մինչդեռ Սուրիկ Խաչատրյանը վստահ է՝ միայն իր շնորհիվ է բուհը համալսարանի կարգավիճակ ստացել: Մարզպետը մեծ ծրագրեր ունի՝ ասում է կհասնի նրան, որ Սյունիքից Երևան տեղափոխվող ուսանողները կնվազեն և անգամ արտերկրից Գորիս մասնագետներ կգան:

«Էդ բուհը Սյունիքի մարզում բոլոր արդյունաբերական ձեռնարկություններից էլ է կարևոր՝ որպես գիտակրթական կենտրոն։ Տեղի երիտասարդությունը կմնա, էստեղ կսովորեն։ Ես ինքս ինձ չեմ համարում գիտության մարդ, գիտությունն էլ բուհի կառավարման հետ ոչ մի կապ չունի։ Այո՛, դիսերտացիա եմ հանձնել Մանկավարժական համալսարանում, որտեղ 27 պատմաբաններ էին մասնակցում»,- ասաց մարզպետը՝ պատասխանելով հարցին, թե իրեն գիտության մարդ համարո՞ւմ է։

Հարցին էլ՝ ինչո՞ւ է հասարակությունը բուռն ընդունում իր գիտական գործունեությունը, Խաչատրյանն արձագանքեց.- «Հասարակությունը չէ, լրագրողներն են։ Դուք ձեզ հասարակության տեղ մի դրեցեք»։

Երևանի խոշոր բուհերի կառավարման և հոգաբարձուների խորհուրդի նախագահներն էլ հանրապետական բարձրաստիճան պաշտոնյաներ են: Երևանի պետական համալսարանում, օրինակ, երկրի նախագահ Սերժ Սարգսյանն է, Պոլիտեխնիկում՝ ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը, Բժշկական համալսարանում՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Տնտեսագիտական համալսարանում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Մանկավարժական համալսարանում՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էլ հոգաբարձուների խորհուրդը նախագահում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։