Amnesty International-ը քննադատում է հայազգի երիտասարդի «անարդար դատավարությունը Ուզբեկստանում»

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատում է Ուզբեկստանի իշխանությունների՝ իսլամիստական ծայրահեղականության և այլ ծանր մեղադրանքներով հայազգի Արամայիս Ավագյանին 7 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը։

Լոնդոնում տեղակայված իրավապաշտպան կազմակերպությունը, հրապարակելով Ավագյանի գործի քննության ժամանակ արձանագրված իրավախախտումների շարքը, կոչ է անում անաչառ հետաքննություն իրականացնելու պահանջով դիմումներ հասցեագրել Ուզբեկստանի իշխանություններին։

«Անհապաղ գրել՝ ուզբեկերեն, ռուսերեն, անգլերեն կամ ձեր լեզվով, իշխանություններին հորդորելով իրականացնել շտապ, անաչառ և արդյունավետ հետաքննություն՝ Արամայիս Ավագյանի նկատմամբ խոշտանգումների և կոպիտ վերաբերմունքի առնչությամբ, և մեղավորներին կանչել պատասխանատվության: Կոչ անել նրանց ապահովել կալանավորված Արամայիս Ավագյանի բոլոր օրինական իրավունքները, ներառյալ իր ընտրած փաստաբանի հետ անարգել տեսակցությունը և նրան անհրաժեշտ որևէ բժշկական օգնությունը, Ուզբեկստանի իշխանություններին հորդորել, որ նրա վերաքննիչ բողոքի քննությունը տեղի ունենա արդար դատաքննության միջազգային չափանիշներին համապատասխան»,- ասված է հայտարարությունում։

Amnesty International-ը հորդորում է բողոքներն ուղարկել մինչև ապրիլի 1-ը՝ դրանք հասցեագրելով գլխավոր դատախազին, ներքին գործերի նախարարին, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին, նշված են նաև գերատեսչությունների տվյալները, որտեղ կարելի է ուղարկել այդ դիմումները։

Դատավարական խախտումները

Հեղինակավոր կազմակերպությունը իր հայտարարությունում ներկայացրել է Արամայիս Ավագյանի գործին առնչվող մանրամասները։

«Արամայիս Ավագյանը անարդար դատավարության ավարտին 7 տարվա ազատազրկման է դատապարտվել փետրվարի 19-ին՝ «հակասահմանադրական գործողություններ ծրագրելու» համար։ Նա ձերբակալվել էր 2015 թվականի սեպտեմբերի 4-ին և ենթարկվել խոշտանգումների»։

Amnesty International-ը նշում է, որ Արամայիս Ավագյանը մեղադրվում է իսլամիստական ծայրահեղականության, նաև գողության մեջ, ապա ուշադրություն հրավիրում, որ նա իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում: Իրավապաշտպան կազմակերպությունն արձանագրում է, որ դատավճռից 3 օր առաջ Արամայիս Ավագյանի փաստաբանը զրկվել էր փաստաբանական արտոնագրից:

Իրավապաշտպան կազմակերպությունը նաև փաստել է Արամայիս Ավագյանի ձերբակալությանը նախորդած իրավիճակը. «Արամայիս Ավագյանը և նրա 4 ընկերները սեպտեմբերի 4-ին չեն վերադարձել տուն», ապա, ինչպես նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ, «սեպտեմբերի 5-ին նրանցից երկուսի հարազատները ղազախական անծանոթ բջջային հեռախոսահամարներից ստացել են հաղորդագրություն, թե նրանք դարձել են «ջիհադի» ներկայացուցիչ»։

«40 օր անց պաշտոնյաները հարազատներին տեղեկացրել են, որ նրանք բոլորը ձերբակալված են սեպտեմբերի 4-ից»,- շարունակում է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը և ավելացնում.- «Տեղացի իրավապաշտպանները պարզել են, որ Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված սպաները կանգնեցրել են մեքենան, որի մեջ են եղել Արամայիս Ավագյանը և նրա ընկերները, ուժի գործադրմամբ նրանց դուրս են բերել, պարկով փակել գլուխները և նրանց տարել Տաշքենդում գտնվող Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան»։ Այնտեղ, ըստ իրավապաշտպան կազմակերպության, նրանց պահել են առանց արտաքին աշխարհի հետ կապի հնարավորության, խոշտանգել՝ ուժով դրդելով ստորագրել խոստովանական ցուցմունքներ։

Amnesty International-ը նշում է, որ դատարանում բոլոր ամբաստանյալները, բացի Արամայիս Ավագյանից, ընդունել են մեղադրանքը:

«Սեպտեմբերի 4-ից հետո առաջին անգամ Արամայիս Ավագյանի ընտանիքը հնարավորություն է ունեցել նրան տեսնել 2016 թվականի հունվարի 6-ին: Արամայիս Ավագյանի ձեռքերը կապտած էին, նա զգալի քաշ էր կորցրել և հազիվ էր կարողանում ոտքի վրա կանգնել: Նրան դատարան են բերել պատգարակի վրա։ Մամուլը մի աղբյուրի է մեջբերել, որն ասել է, թե ըստ իրավապահների բացատրությունների՝ Ավագյանը կոտրել է ոտքը, երբ վայր է ընկել աթոռից։ Արամայիս Ավագյանին մոտ գտնվող աղբյուրը նաև պնդել է, որ նրան ենթարկել են էլեկտրաշոկի»,- ասված է հաղորդագրությունում.- «Նրա ընտանիքը և ընկերները կարծում են, որ Ավագյանին մեղադրանք առաջադրելու պատճառը եղել են նրա հաջողակ բիզնեսի հետևանքով հիմնադրած ձկնաբուծարանը խլելու՝ տեղական իշխանությունների հետաքրքրությունները» :

Համատարած խոշտանգումներ

Amnesty International հեղինակավոր միջագային իրավապաշտպան կազմակերպությունը նկատում է, որ խոշտանգումները խիստ բնորոշ են Ուզբեկստանի քրեական արդարադատության համակարգում։

«Անվտանգության ուժերը խոշտանգումները կիրառում են գողության ու մարդասպանության մեղադրանքներով քրեական հոդվածներով անցնող տղամարդկանց և կանանց նկատմամբ, ինչպես նաև անհատների նկատմամբ, որոնք խնդիրներ են ունենում իշխանությունների հետ…»: Կազմակերպությունը նկատում է, որ վերջին 15 տարիներին նման դեպքերում առաջադրվում է հակապետական գործունեության կամ ահաբեկչությանն առնչվող մեղադրանք։

Ըստ իրավապաշտպան կազմակերպության, Ուզբեկստանում խոշտանգման կամ կալանավորման ժամանակ արտահայտված վատ վերաբերմունքի դրսևորումների մասին պատմել են նախկին բանտարկյալները, ներառյալ իրավապաշտպանները: Խոշտանգումներն, ըստ իրավապաշտպան կազմակերպության, ներառում են մահակներով, երկաթյա ձողերով, ջրով լցված շշերով ծեծը, երբ կալանավորները ձեռնաշղթաներով կապված են ջեռուցման մարտկոցներին կամ առաստաղին, պլաստիկ տոպրակներով կամ օդի ներթափանցումից զուրկ դիմակներով խեղդելը, եղունգների տակ ասեղ մտցնելը, մտրակի գործադրումը և սեռական բռնությունը՝ կանանց և տղամարդկանց դեպքում: Խոշտանգումների գործերը հետաքննելու հարցում իրավապահները շատ դեպքերում ձախողել են: