ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է Վահագնի գյուղի բնակիչ Ն. Քոչինյանի սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Նախնական քննության տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնությունում փայտանյութ վաճառելու շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով, կենցաղային հողի վրա Քոչինյանի հետ փետրվարի 22-ին՝ ժամը 01-ի սահմաններում, վիճաբանել է Լոռու մարզի բնակիչ Ա. Կախյանը, որի ընթացքում ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող «ՏՏ» տեսակի ատրճանակով կրակել է Քոչինյանի գլխին։ Ստացած հրազենային վնասվածքից վերջինս մահացել է, փոխանցում է Հայաստանի քննչական կոմիտեն։
«Ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը որոշում է կայացրել Կախյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և հայտարարվել է հետախուզում։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել Կախյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։