Բրիտանական խորհրդի և Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության նախաձեռնությամբ արդեն 14-րդ անգամ Հայաստանում տեղի է ունենում Բրիտանական ֆիլմերի փառատոնը:
Անցած շաբաթավերջին «Մոսկվա» կինոթատրոնում կայացած փառատոնի հանդիսավոր բացմանը ներկա էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:
«Այս տարի ևս մեր հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել բրիտանական ժամանակակից լավագույն ֆիլմերը, որոնք մեծ տպավորություն կթողնեն հայ հանդիսատեսի վրա: Այդ ֆիլմերի ցանկում են թե՛ կատակերգություններ, թե՛ հոգեբանական թրիլլերներ, թե՛ փաստավավերագրական ֆիլմեր: Այս ֆիլմերը ամենահեղինակավոր կինոփառատոներին արդեն իսկ արժանացել են մրցանակների, ինչպես նաև կինոքննադատների բարձր գնահատականների», - ասաց դեսպանը:
Ի դեպ, փառատոնի շրջանակներում ցուցադրվող բոլոր ֆիլմերի մուտքն անվճար է :
Պատասխանելով «Ազատության» հարցին, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյան հավաստիացրեց, թե տարեցտարի ավելի ու ավելի շատ մարդիկ են դիտում փառատոնի շրջանակում ցուցադրվող ֆիլմերը․ - «Այս տարի մենք անգամ շատացրեցինք յուրաքանչյուր ֆիլմի ցուցադրությունների քանակը: Նախկինում մենք «Մոսկվա» կինոթատրոնում յուրաքանչյուր ֆիլմը ցուցադրում էինք երկու անգամ, այս տարի որոշեցինք երեք անգամ ցուցադրել՝ ելնելով նախորդ տարվա հետաքրքրության աճից: Եվ մեր սպասելիքները արդարացան․ յուրաքանչյուր ցուցադրություն ունենում է լեփ-լեցուն դահլիճ»:
Փառատոնի այս տարվա հյուրերի մասին հարցին Թովմասյանը պատասխանեց․ - «Այս տարի մենք ներկայացնում ենք շատ յուրահատուկ մի արվեստագետի՝ Սայմըն Ուիլքինսընին Միացյալ Թագավորությունից, որը Հայաստանում առաջին անգամ կներկայացնի վիրտուալ իրականության իր մեկնությունը: Դա կլինեն շոուներ Թումո կենտրոնում, որոնք բաց են ոչ միայն կենտրոնի ուսանողների համար, այլ նաև դրսի հանդիսատեսի համար: Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել ունկնդրություններին՝ նախապես գրանցվելով: Դա բացառիկ փորձառություն է լինելու հանդիսատեսի համար»:
Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերը կներկայացվեն նաև մարզերում: Փառատոնը մայրաքաղաքից դուրս ամեն տարի շարունակվում է այն բնակավայրերում, որտեղ նախկինում չի եղել․ այս տարի փառատոնի շրջանակներում ֆիլմեր կցուցադրվեն Դիլիջանում, Ապարանում և Ալավերդիում: