Ռուսաստանի հակադոպինգային գործակալության նախկին ղեկավարը մահանալուց առաջ կապվել էր բրիտանական թերթի հետ

Նիկիտա Կամաևը Մոսկվայում ասուլիսի ժամանակ, նոյեմբեր, 2015թ․

Ռուսաստանի հակադոպինգային գործակալության նախկին ղեկավար Նիկիտա Կամաևը, ով ենթադրաբար հանկարծամահ է եղել սրտի կաթվածի հետևանքով, մահից շաբաթներ առաջ կապ էր հաստատել բրիտանական պարբերականներից մեկի հետ և առաջարկել էր որոշ բացահայտումներ կատարել Ռուսաստանում մարզական ցուցանիշները բարելավող արգելված նյութերի օգտագործման վերաբերյալ, գրում է Լոնդոնի Sunday Times պարբերականը։

«Ես ցանկանում եմ գիրք գրել, որը կբացահայտի սպորտում դեղամիջոցների և դոպինգի օգտագործման իրական ծավալները Ռուսաստանում սկսած 1987 թվականից, երբ ես դեռ երիտասարդ գիտնական էի ԽՍՀՄ Սպորտի և դեղամիջոցների ինստիտուտի գաղտնի լաբորատորիայում», - էլ-փոստով թերթին հղած նամակում գրել է Կամաևը՝ հավելելով, թե իր ձեռքի տակ կան «փաստեր և տեղեկատվություն, որոնք նախկինում երբեք չեն հրապարակվել»։

Ռուսաստանում խթանիչների օգտագործման վերաբերյալ նոյեմբերին Հակադոպինգային համաշխարհային գործակալության զեկույցի հրապարակումից հետո կասեցվել էր ռուսաստանցի մարզիկների մասնակցությունը թեթև ատլետիկայի միջազգային մրցումներին։ Այս առնչությամբ բռնկված սկանդալի կիզակետում հայտնված Նիկիտա Կամաևը դեկտեմբերին հրաժարական էր տվել։ Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ 52-ամյա Կամաևը հանկարծամահ է եղել։