ԱՄՀ․ «Հայաստանի տնտեսության համար այս տարի բարդ է լինելու»

Տերեսա Դաբան Սանչես, Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար, արխիվ

Տերեսա Դաբան Սանչեսի համոզմամբ, «հայաստանյան գործարարները պետք է ավելի ագրեսիվ լինեն ռուսական շուկայում, կամ՝ դուրս գան ավելի բարենպաստ շուկաներ»:

Հայաստանի տնտեսության համար այս տարի աճ գրանցելը բարդ է լինելու, տնտեսության զարգացման համար ստեղծվել է ոչ բարենպաստ միջավայր, և կարիք կա իրական բարեփոխումների: «Ազատության» հետ զրույցում այսպիսի գնահատական հնչեցրեց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տերեսա Դաբան Սանչեսը:

«Արտաքին միջավայրը Հայաստանի համար շարունակելու է մնալ ոչ բարենպաստ, պայմանավորված՝ Ռուսաստանում շարունակվող տնտեսական անկմամբ, Եվրամիության տնտեսությունը ևս, ցավոք, շատ արագ չի աճում, իսկ Ռուսաստանն ու ԵՄ-ն Հայաստանի երկու հիմնական առևտրային գործընկերներն են: Այս տարի Հայաստանի համար հիմնական մարտահրավերն է լինելու կենտրոնացումը տեղական տնտեսության ակտիվացման վրա, իսկ դրա համար անհրաժեշտ են բարեփոխումներ՝ իրական բարեփոխումներ: Սա է լինելու այս տարվա գլխավոր խնդիրը: Կառավարությունը պետք է իրականացնի լուրջ բարեփոխումներ՝ վստահ լինելու համար, որ տնտեսության զարգացումն ապահովվելու է առավելապես երկրի ներսում»,- շարունակեց ԱՄՀ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը:

Պաշտոնական տվյալներով՝ նախորդ տարի Հայաստանի առևտրաշրջանառությունը հիմնական տնտեսական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ նվազել է 18 տոկոսով, արտահանումը Հայաստանից Ռուսաստան՝ նվազել է 26․7 տոկոսով: Դաբան Սանչեսն ասում է՝ նոր առևտրային ուղղությունների որոնման կարիք կա: «Հայաստանյան գործարարները պետք է ավելի ագրեսիվ լինեն ռուսական շուկայում, կամ դուրս գան ավելի բարենպաստ շուկաներ, ինչպես՝ Մերձավոր Արևելքը»,- օրինակ է բերում Տերեսա Դաբան Սանչեսը:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի համար անհանգստացնող է այն, որ պարզ չէ, թե ինչ ուղղությամբ են իշխանությունները ցանկանում զարգացնել տնտեսությունը: «Հստակ ձևակերպված չէ, թե ընդհանրապես ինչ է ուզում իշխանությունը, իշխանության տարբեր թևերը՝ կառավարությունը, Կենտրոնական բանկը․․․ ինչ են ուզում անել դրամի հետ և ընդհանրապես՝ տնտեսության հետ»,- ասում է Խաչատրյանը:

Ըստ տնտեսագետի, դրամի արժեզրկումը կարող էր նոր հնարավորություններ բացել արտահանողների համար, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ, չնայած հայտարարվել է արժույթի լողացող կուրս, այդուհանդերձ, Կենտրոնական բանկը կառավարում է ֆինանսական շուկան: «Վտանգը, որ մեզ մոտ արժեզրկումը կարող է բերել գների բարձրացման, ռեալ չեմ համարում, որովհետև աշխատավարձի, թոշակների բարձրացում այս տարի նախատեսված չէ, չի նախատեսվում նաև Ռուսաստանից եկող տրանսֆերտների աճ: Այսինքն՝ էն գործոնները, որոնք կարող էին խթանել գների բարձրացումը, այսօր չկան: Եվ կարելի էր ավելի ակտիվ քայլեր անել՝ միտված արտահանմանը»,- նշում է Վահագն Խաչատրյանը:

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը վստահ է՝ կառավարել փոխարժեքի տատանումը հնարավոր չէ: «Օբյեկտիվորեն, աշխարհում ոչ մի կենտրոնական բանկ չի կարող կառավարել փոխարժեքը, դա անհնար է: Նույնն է, թե փորձես կանգնեցնել ցունամին. դու չես կարող անել դա»: