Ընտրական օրենսգրքի վերաբերյալ մի շարք ընդդիմադիրների, տասնյակ հասարակական կազմակերպությունների թիվ մեկ պահանջը կարող է և իրականություն չդառնալ: Համենայն դեպս, ընտրական նոր օրենսգրքի մշակման աշխատանքներում ներգրավված Հրայր Թովմասյանի խոսքով, քվեարկությանը մասնակցությունը աշխարհը հակված է դիտարկել գաղտնիության տեսանկյունից, իրենք էլ չեն խախտի քվեարկողների այդ իրավունքը:
«Ինչով է պայմանավորված, որ այդ երկրները քվեարկության մասնակցությունն էլ են դիտարկում գաղտնիության տեսանկյունից, տեսնում ես, որ բավականին հիմնավոր է, և չի կարելի մի խնդիրը լուծել մեկ այլ խնդիր ստեղծելու ճանապարհով», - լրագրողների հետ զրույցում ասաց Թովմասյանը:
Ընտրակեղծիքի դեմ պայքարում, նրա կարծիքով, լուծում կարող է լինել ընտրողների իդենտիֆիկացիան էլեկտրոնային դարձնելու համակարգը: Ընդդիմադիրների մի մասը այս համակարգին կողմ է, բայց, մասնավորապես, Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգություն»-ը շարունակում են պնդել, որ քվեարկության մասնակիցների ցուցակների հրապարակումը պարտադիր պահանջ է:
«Չեմ բացառում նաև, որ մատչելիության, հասանելիության աստիճանը ստորագրված փաստաթղթերի կարող է և որոշակիորեն մեծանա: Բայց էն երկրները, որոնց մասին բերվում են օրինակները, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան, ձեր պատկերացրած հրապարակայնությունը չի, որ դրանք պետք է հրապարակվեն․ հետևյալն է՝ որ ստորագրված ցուցակները կարող են մատչելի լինել այն մարդկանց, որոնք հիմնավորում են, որ իրենք ունեն դրա նկատմամբ շահագրգռվածություն, և առանց դրանցից լուսապատճեններ անելու կարող են ծանոթանալ և դրանցից անել քաղվածքներ», - նշեց Հրայր Թովմասյանը: