Փետրվարի 16-ից 17-ը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում մասնակցել է «Ռազմական դոկտրինալ մոտեցումներ» խորագրով ԵԱՀԿ սեմինարին, հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:
«Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության բոլոր անդամ երկրների զինվորական և քաղաքացիական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հինգ տարին մեկ անգամ անցկացվող միջոցառումը նպատակաուղղված էր անվտանգային միջավայրի փոփոխությանը զուգընթաց դոկտրինալ լուծումների շուրջ մտքերի փոխանակմանը:
Սեմինարին հանդես գալով ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները լուսաբանող ելույթով՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, մասնավորապես, նշեց. - «ՀՀ անվտանգության ապահովման նպատակներին հասնելու համար և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո իրականացվող բանակցային գործնթացի համար նպաստավոր պայմաններ ձևավորելու նպատակադրմամբ, նախատեսում ենք գործադրել մի շարք միջոցներ:
Դրանցից է «Սանձահարման/Զսպման համակարգը» (Deterrence system), որը Հայաստանի Հանրապետությունը գործի է դնում առկա զինված դիմակայությունը նվազեցնելու համար: «Սանձահարումը/Զսպումը» մեր դոկտրինալ մոտեցումներում հետզհետե դուրս է մղում «Ստատիկ պաշտպանության» հայեցակարգին, որը հակառակորդի կողմից կարող էր դիտարկվել որպես անբավարար հզորության վկայական: Իրականում, 25 տարվա պաշտպանողական կեցվածքը մեզ տվեց ոչ ավելին, քան գնալով քաջալերվող սադրիչ գործողություններ:
Այնպես որ՝ Հայաստանի Հանրապետությունը իրականացնելու է որակական լուծումներ՝ քանակական անհավասարակշռությունները չեզոքացնելու համար, միաժամանակ խստորեն պահպանելով սպառազինությունների վերահասկման ոլորտում առկա սահմանափակումները: «Սանձահարման/Զսպման համակարգը» կիրականացվի ինչպես արձագանքող, այնպես էլ կանխարգելող եղանակով»:
Վիեննայում գտնվելու ընթացքում Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ռոուզ Գոթեմոլերին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության, սպառազինությունների վերահսկման, ինչպես նաև Հայաստանում հումանիտար ականազերծման նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր»,- նշված է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ: