Րաֆֆի Հովհաննիսյան․ «Ո՞ւր մնաց «ապահով» Հայաստանը»

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունենում Երևանի Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքին, դեկտեմբեր, 2015թ․

«Ժառանգության» առաջնորդը հանրային ուղերձով է հանդես եկել վերջին նախագահական ընտրությունների երրորդ տարվա կապակցությամբ:

«Այսօր փետրվարի 18-ն է: Վերջին նախագահական ընտրություններից հետո պատմություն դարձավ ևս մեկ տարի՝ նախորդ երկուսի նման սա էլ անպտուղ, սին ու հիասթափեցնող», - հայտարարում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հրապարակած հանրային ուղերձում:

«Հնգամյա ժամկետի մեծ մասն անցավ՝ ի ցույց դնելով ժողովրդին «Ապահով Հայաստան» խոստացած վարչախմբի խոսքի ու գործի սնանկությունը: Իսկ անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին համատարած ընտրակեղծիքներով անցած հանրաքվեն իր հերթին եկավ հաստատելու, որ վերից վար իշխանությունների հանցագործ բնույթը չի փոխվել», - ասված է ուղերձում:

«Հիմա եկել է ժամանակը՝ ազգովին հարցնելու. ո՞ւր մնաց անամոթաբար ձեր հորջորջած «ապահով» Հայաստանը, քաղաքացի անիրավներ, ընտրագողեր, մեղսակիրներ: Ժողովուրդը պատասխան է պահանջում, որովհետև ավելի մեծ անապահովություն, քան` այսօր ազգին բաժին հասածը, դժվար է պատկերացնել: Ընդ որում՝ անապահովություն բոլոր առումներով. ֆիզիկական, քաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյաիրավական», - ընդգծում է Հովհաննիսյանը:

«Ինչ ասել կուզի` պատերազմը մեր քթի տակ է. պարբերաբար սահմանին զինվոր է զոհվում: Ո՞վ պիտի սրա դեմն առնի: Կարծես եղածը քիչ է, այժմ էլ ռուս-թուրքական լարվածությունն է լուրջ մարտահրավեր դառնում Հայաստանի համար, որն ամեն պահի կարող է ակամա հայտնվել մարտական առճակատման թատերաբեմում: Եվ դարձյալ՝ զրո ուշադրություն: Իրավիճակն անտանելի է նաև բուն հասարակության ներսում», - պնդում է «Ժառանգության» առաջնորդը:

Նրա համոզմամբ, «ամենաթողության ու բռնաճնշումների դարձանիվը թիրախավորել է իշխանության քիմքին անհաճո՝ ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող անձանց, որոնց ըմբոստացումը վարչախմբին հունից հանել է»․ - «Որպես ամենաթարմ օրինակ՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի աջակիցներ Գևորգ Սաֆարյանի ապօրինի կալանավորումը, Սյուզի Գևորգյանին և այլոց ծեծի ու հալածանքների ենթարկելու դեպքերը: Իրավապաշտպան կազմակերպությունների գնահատմամբ՝ Հայաստանում կան մեկուկես տասնյակից ավելի քաղբանտարկյալներ՝ Շանթ Հարությունյանն ու իր ընկերները, Վոլոդյա Ավետիսյանը, Հայկ Կյուրեղյանը և այլք»:

Հովհաննիսյանը շարունակում է, որ «իրավական կամայականություններին համընթաց երկրում մոլեգնում են հարկային տեռորը, հովանավորությունը, անհավասար մրցակցությունը և փոքր ու միջին ձեռնարկություններին շուկայից դուրս մղելու համար իշխանության հետ սերտաճած խոշոր բիզնեսի ճնշումները»: «Հետընտրական երեք տարիների ընթացքում գրանցված միակ «դինամիկ աճը» Հայաստանը հոշոտողների անհագ ախորժակն է», - նշում է նա:

«Ընդամենը մի քանի փաստ. վերջին տասը տարում մեր հյուծված երկրից, որի շունչը հազիվ է դուրս գալիս, անօրինական ճանապարհով արտահանվել է շուրջ 10 միլիարդ դոլար: Երկրորդ` Հայաստանի արտաքին պարտքը հասել է խիստ վտանգավոր սահմանագծի` 5 միլիարդ դոլարի: Չնայած դրան` «հայրենի» կառավարությունը շարունակում է նոր երկարաժամկետ վարկեր վերցնել, ասել է թե` պարտքի վրա պարտք կուտակել, որը 25-30 տարուց հետո մարելու են մեր զավակներն ու թոռները: Եվ վերջին ամենացնցողը. Սերժ Սարգսյանի օրոք՝ 8 տարիների ընթացքում, երկիրը լքել է 296 հազար 988 մարդ», - ասված է ուղերձում:

«Ահա և «ապահով» Հայաստանի ամբողջ փիլիսոփայությունը, որին հանգեցրել է չընտրված իշխանության վարած ապազգային ուղեգիծը: Անցած երեք տարիներն ակներևաբար վկայում են՝ անդառնալիորեն կորցնում ենք պետության ներկան, և խնդիրը եկող սերունդների ապագան փրկելն է, որի շարժիչ ուժը ժողովուրդն է լինելու, քաղաքական ու քաղաքացիական ընտրանին, երկրի ցավով մտահոգ մտավորականությունը, մեր երիտասարդ հերթափոխը՝ միասնաբար: Հապաղելն այլևս համազոր է դավադրության», - հայտարարում է Հովհաննիսյանը:

Հիշատակելով անցած շաբաթ «միայն իրեն հարազատ լսարանի առջև» Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը, որում երկրի նախագահը, մասնավորապես, ասել էր՝ «Ուղղակի անհրաժեշտություն է, որ Հայաստանը լինի բոլոր առումներով կարգավորված պետություն և հանդիսանա միացյալ հայությանը դեպի իրեն ձգող գրավիչ, հույսեր ներշնչող օրրան», «Ժառանգության» առաջնորդը շարունակում է․ - «Ի՞նչ կարելի է սպասել 8 տարի ցինիկաբար կեղծող մի մարդուց, ով հիմա էլ փորձում է հակադիր ճամբարից, այսինքն՝ բուն ժողովրդից «թռցրած» գաղափարներ հանրահռչակել իր անունից: Հաստատ նա չի պատրաստվում իր թիմով համալրել «Նոր Հայաստան» ճակատի շարքերը: Համոզված կարելի է պնդել նաև, որ ելույթում նկարագրված «վաղվա» Հայաստանը հասու չէ իրեն ու իր շրջապատին, որոնց մի բան է միայն հետաքրքրում՝ անձնական շահը»:

«Բայց ճառագիր տղերքի հեքիաթասացությունն այսքանով չի ավարտվում: Պարզվում է` նախագահի պաշտոնը ստանձնած անձնավորության համար «շատ ավելի կարևոր են ընտրությունների բնականոն ընթացքն ու օրինականությունը, քան դրանց արդյունքները»: Պատկերացնո՞ւմ եք: Սա արդեն բոլորովին ուրիշ ժանրի փչոց է, որը ծիծաղ կառաջացներ, եթե այդքան ողբերգական չլիներ: Թե ինչն է ընտրություններում Սերժ Սարգսյանի համար «շատ ավելի կարևոր», հանցավոր ընտրագողությունից մինչև գրագողություն տեսած ժողովուրդը լավ գիտի և նրան խաբել այլևս անկարելի է», - հայտարարում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ձմռան այս ճաքճքան ցրտին՝ հարուցելով ոմանց տարակուսանքը, ավելի քան երկուսուկես ամիս Ազատության հրապարակում է «Նոր Հայաստանը»՝ վարչակարգի թելադրած անմաքուր խաղի կանոնները մերժող քաղաքական ուժը: Հանուն սահմանադրականության ու արդար ընտրակարգի հաստատման պայքարում վճռական և ընդունած մարտակոչին հավատարիմ՝ մենք արդեն ասել ենք մեր խոսքը: Ուրեմն ի գործ՝ միասնական օրակարգով և համակ հրապարակով: Պայքարն ընթացքի մեջ է և՝ տևական, իսկ հաղթանակն առջևում և՝ անխուսափելի», - վստահեցնում է ընդդիմադիր գործիչը: