Օբամա․ Չեմ կարծում, որ Թրամփը նախագահ կդառնա

ԱՄՆ-ում նախընտրական պայքարը շարունակում է թեժանալ: Թեկնածուների մասին կարծիք է հայտնել երկրի գործող նախագահ Բարաք Օբաման:

«Եթե իմ օգտին չեք քվեարկելու, ընտրություններին մի էլ մասնակցեք», - կատակել է ԱՄՆ նախագահը, - «Ես շարունակում եմ հավատալ, որ պարոն Թրամփը նախագահ չի դառնա: Ես դրան հավատում եմ, որովհետև վստահում եմ Ամերիկայի ժողովրդին և կարծում եմ՝ ժողովուրդը գիտակցում է, որ նախագահ լինելը լուրջ աշխատանք է»:

Սկանդալային գործարար Դոնալդ Թրամփը շարունակում է պահպանել հանրապետականների շրջանում նախագահական ընտրապայքարի առաջնությունը: Քուինիփեգի համալսարանի հարցման համաձայն, Թրամփը վայելում է հանրապետական ընտրողների 39 տոկոսի աջակցությունը:

«Կարծում եմ, Թրամփի համար սա հիանալի նորություն է: Նա շարունակում է մրցակիցներից երկու անգամ ավելի լայն աջակցություն վայելել: Կանանց շրջանում նրա կողմնակիցների թիվը ավելացել է 11 տոկոսով: Բարձրագույն կրթություն չունեցող տղամարդկանց շրջանում՝ ևս 10 տոկոսով», - ասում է Քուինիփեգի համալսարանի հարցման փոխտնօրեն Թիմ Մալոյը:

Ինքը՝ Թրամփը շարունակում է անսպասելի հայտարարություններ անել, այս անգամ անդրադառնալով արտաքին քաղաքականությանը: Քննադատելով Իրաքի պատերազմը՝ Թրամփն ասել է, որ միակն էր այն ժամանակ, ով պատերազմին դեմ էր:

«Սադամ Հուսեյնը վա՞տ տղա էր, համաձայնեցի՝ վատ տղա էր: Բայց գիտե՞ք իր մոտ ինչն էր լավ ստացվում. ահաբեկիչներ սպանելը: Նա ոչնչացնում էր ահաբեկիչներին, իսկ այսօր Իրաքն ահաբեկիչների համար Հարվարդ է դարձել: Եթե ցանկանում ես ահաբեկիչ լինել, գնում ես Իրաք», - ասել է Թրամփը:

Օբաման անդրադարձել է նաև Դեմոկրատական կուսակցության ներսում նախագահի թեկնածու լինելու համար մրցակցող Հիլարի Քլինթոնին և Բերնի Սանդերսին: Հրաժարվելով ուղղակի աջակցել նրանցից մեկին՝ Բարաք Օբաման նշել է, որ որոշ հարցերում ավելի մոտ է Քլինթոնին, իսկ այլ հարցերում կիսում է Սանդերսի տեսակետը:

Դեմոկրատական կուսակցության ներսում շարունակվում է անորոշությունը, քանի որ երբեմնի առաջատար Քլինթոնը մի շարք նահանգներում զիջում է Սանդերսին:

«Դեկտեմբերից ի վեր Բերնի Սանդերսի աջակցությունն ավելացել է 30 կետով, հիմնականում՝ կանանց, ինչպես նաև սևամորթ ամերիկացիների և լատինամերիկյան ծագում ունեցող քաղաքացիների շրջանում», - նշում է Թիմ Մալոյը:

Շաբաթ օրը հանրապետականներն իրենց նախնական ընտրություններն են անցկացնում Հարավային Քարոլինայում, իսկ դեմոկրատները՝ Նևադայում: