«Ժառանգության» փոխնախագահը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՄԻԳ ներկայացուցիչներին

Արմեն Մարտիրոսյան, արխիվ

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի ընտրական հարցերով ավագ խորհրդական Ռիչարդ Լափինի և ընտրական հարցերով խորհրդական Ալեքսեյ Գրոմովի հետ:

«Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նոր ընտրական օրենսգրքին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Արմեն Մարտիրոսյանը որպես առաջնահերթ խնդիր մատնանշել է քվեարկված ցուցակների հրապարակումը, մատնահետքով քվեարկության էլեկտրոնային համակարգի ներդրումը, քվեասենյակում տեսախցիկների տեղադրումը և պարզ համամասնական ընտրակարգը:

«Ժառանգության» փոխնախագահը նաև համոզմունք է հայտնել, որ եթե ընտրական նոր օրենսգրքում չլինի վերը նշված կետերի ամրագրումը, ապա դա կհանգեցնի «ազատ և թափանցիկ ընտրական պրոցեսի չեզոքացմանը»:

«Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի կեղծված հանրաքվեին և ընտրություններին», - ասված է հաղորդագրությունում: