Կառավարությունը այսօր հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագծին:
Նախագծով, որ ներկայացրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, առաջարկվում է տարանջատել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների ոլորտները, ինչպես հիմնավորման մեջ է նշված՝ առավել արդյունավետ կառավարման համակարգ ապահովելու նպատակով: Ըստ այդմ, ներկայիս Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) փոխարեն կգործեն երկու՝ Արտակարգ իրավիճակների ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունները:
Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Այն քննարկելու նպատակով կառավարությունն առաջարկում է վաղը խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել:
Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները միավորվել էին 2014 թվականի նոյեմբերին: