Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում այսօր երեկոյան տեղի ունեցած հուժկու պայթյունը առնվազն 18 մարդու կյանք է խլել, կան տասնյակ վիրավորներ։
Պայթյունը տեղի է ունեցել մայրաքաղաքի այն հատվածում, որտեղ տեղակայված են երկրի զինված ուժերի կենտրոնակայանը և խորհրդարանը։
Թուրքական «Անադոլու» գործակալությունը, հղում տալով պաշտոնական աղբյուրներին, հաղորդում է, որ պայթյունի հավանական պատճառ է համարվում ականապատված մեքենան։
Առայժմ պարզ չէ, թե ով է պայթյունի պատասխանատուն։
Վերջին շրջանում Թուրքիայում նմանատիպ հարձակումներ են իրականացրել թե՛ քուրդ ապստամբները, թե՛ «Իսլամական պետություն» խմբավորումը։ Մասնավորապես, հոկտեմբերին Անկարայում «Իսլամական պետության» իրականացրած հարձակման հետևանքով 102 մարդ է զոհվել։