Թեև կառավարության ու նախագահի նստավայրի առջև պարբերաբար բողոքի ցույցեր են աշխատավարձի պարտքը մարելու պահանջով, այս խնդրով դատարան են դիմում եզակիները. պատճառը մարդկանց անվստահությունն է դատարանի հանդեպ, պնդում է սոցապ նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը։
«Դատարանների անկախության նկատմամբ վստահությունը այնքան մեծ չէ, որ քաղաքացին իր իրավունքի իրական պաշտպանությունը տեսնի դատարանում, և ենթադրելով, որ այդ դատարանները ի վերջո կարող են ղեկավարվել գործադիր իշխանության մարմինների ցուցումներով, անմիջապես գնում են ... աշխատողը մնացել է գործատուի հետ հարաբերություններում մեն-մենակ և միայն դատարանի պաշտպանության հույսին»,- ասում է Պետրոսյանը։
Օրեր առաջ Կոտայքի մարզի հերթական գործարանի հարյուրից ավելի աշխատակիցներն էին ոտքի կանգնել ու դժգոհում՝ գործատուն չի վճարում իրենց շուրջ 5 ամսվա աշխատավարձը: Տեսախցիկից խուսափող փոխտնօրենն էլ ասում էր՝ որևէ մեկին չեն կրճատել, ուղղակի գումար չունեն, որ վճարեն:
Աշխատանքային իրավունքի մասնագետը, մինչդեռ, պնդում է՝ թե՛ հարկադիր պարապուրդի և թե՛ սնանկության դեպքում գործատուն չի ազատվում աշխատավարձ վճարելու պարտավորությունից. վստահեցնում է՝ կարող են դատարանով իրենց հասանելիք գումարը պահանջել անկախ պայմանագրի ձևից:
«Երբեմն երբ դատի են տալիս աշխատողները, գործատուները զսպաշապիկ են հանգում և սկսում են աստիճանաբար կամ ամբողջությամբ մարել իրենց պարտավորությունները»,- շեշտում է Գևորգ Պետրոսյանը։
Գործատուի կամայականություններից տուժած աշխատակիցները չեն կարող դիմել նաև արհմիություններին. ըստ փորձագետի՝ գործատուն այստեղ էլ է զորեղ.- «Նրա իրավասությունը մնում է, դա աշխատողների շահերի պաշտպանությունն է, բայց չունենալով ֆինանսավորում՝ արհմիությունը օբյեկտիվորեն ուզի-չուզի, ծնկի է գալիս գործատուի առաջ»։
Աշխատանքային վեճերով զբաղվող իրավաբան Գևորգ Սլոյանը կարծում է, որ նաիրտիցիներն, օրինակ, մեծ հիմքեր ունեին Եվրոպական դատարան հասնելու: Թե՛ մասնավոր, և թե՛ պետական ընկերությունների աշխատավորները Եվրադատարան կարող են դիմել մեկ հիմքով՝ երբ ոտնահարվում է աշխատավարձ ստանալու իրավունքը։
«Դրամը գույք է, իսկ գույքը պաշտպանվում է Եվրոպական կոնվենցիայով՝ անկախ նրանից դա մասնավոր է, թե՝ պետական։ «Նաիրիտ»-ի պարագայում շանսը ավելի մեծ է, որովհետև պետությունը այստեղ մեծ առնչություն է ունեցել»,- ասաց Սոլյանը։
Փորձագետները պնդում են՝ գործատուները երբեմն նաև միտումնավոր են գործը սնանկության տանում՝ կուտակած պարտքերից խուսափելու համար, բայց անգամ այդ դեպքում հնարավոր է ստանալ աշխատավարձը, եթե աշխատակիցները ժամանակին տեր կանգնեն իրենց իրավունքներին:
«Այն պահից, երբ գործատուի մոտ առաջանում է աշխատավարձ վճարելու պարտավորությունը, արդեն աշխատողը դրա նկատմամբ ունի սեփականության իրավունք»,- ասաց Սլոյանը։