Խոշորացած Տաթև համայնքից Տանձատափ մի քանի կիլոմետր է, սակայն, մի գյուղից մյուսը հասնելու համար երբեմն ժամեր են պահանջվում։ Ձմռանն անգամ «Նիվա» մակնիշի մեքենաները չեն կարողանում Տանձատափ մտնել: Գյուղն ամիսներ շարունակ այցելուներ չի ունենում:
Տանձատափի նախկին գյուղապետ Ռոբերտ Մուշեղյանի խոսքով, միավորված ութ գյուղերում քանդված ճանապարհներից բացի բազմաթիվ այլ խնդիրներ էլ կան։
Գյուղի մեկ այլ բնակիչ էլ դժգոհում է․ - «Բանտարկված ենք, երեխես գալիս ա ընդեղ, ձեռքին մի սումկա ա լինում, չի կարում գա, էշը վերցնում եմ՝ գնում բերում: Սա կյանք չի, սա ապրուստ չի մեզ համար»:
Մեծահասակների բողոքը նկատելով՝ երիտասարդներ են մոտենում ու շտապում հավաստիացնել՝ գյուղում խնդիրներ չկան, մարզպետից էլ գոհ են․ - «Մեր մարզպետը բոլորիս էլ օգնում ա: Նայում եք չէ՞ լույսերը՝ Երևանում տենց լույսեր չկան: Էս տարի սաստիկ ձմեռ էր, ճանապարհները մաքրել են, նախանցած օրն են մաքրել, 5-6 անգամ մաքրել են․․․»։
Տանձատափը մարզի ամենափոքր գյուղերից է։ Պաշտոնական տվյալներով, այստեղ 69 մարդ է ապրում, սակայն, տների մեծ մասի դռների վրա կողպեքներ են։ Գյուղի դպրոցում չորս առարկա դասավանդող Վերժինե Հարությունյանը Կապանից մոտ 20 տարի առաջ է գյուղ տեղափոխվել։
«Առաջին տարին ամուսինս էր տնօրեն, միջնակարգ էր: Պատերազմական գործողություններ էին հայ-ադրբեջանական: Դպրոցը բազմաթիվ երեխաներով ապահովված էր, բոլոր դասարանները կային, կային բազմաթիվ ուսուցիչներ՝ տարբեր առարկաների: Բայց ինչ-ինչ պատճառներով տեղափոխվեցին, գյուղում էլ աճ, կարելի ա ասել, համարյա թե չկա»,- ասում է Վերժինե Հարությունյանը։
Ֆիզիկայի մասնագետ Վերժինեն Տանձատափի դպրոցում ստիպված է նաև կենսաբանություն, քիմիա ու հայոց պատմություն դասավանդել։ Ազատ ժամերին էլ գրադարանավարուհի է աշխատում։ Վարձատրությունից գոհ չէ՝ ամսական 70 հազար դրամ է ստանում։ «Շաբաթական 30-36 ժամ եմ պարապում, բայց դե քանի՞ ժամվա վարձատրություն ա, դե դրան էլ ավելացրած՝ էս վիճակը, էս պայմանները: Մինչև հասնում ենք դպրոց, չգիտեմ ինչքան ժամանակ է գնում, պիտի կրկնակոշիկներ հագնենք»։
Տանձատափի միջնակարգ դպրոցում ընդամենը 4 ուսուցիչ է աշխատում։ Աշակերտների թիվն էլ մեկ տասնյակից չի անցնում։
«Քույրիկս ա, միասին 6-րդ դասարանում ենք սովորում, եղբայրս 4-րդ դասարան ա, էն մյուսն էլ 2-րդ դասարան ա։ Ես իմ եղբոր 4-րդ դասարանի հետ եմ նստում ու իրա ընկերոջ հետ: Դասատուն մեզ հանձնարարություն ա տալիս, մենք էդ հանձնարարությունը կատարում ենք, էդ ժամանակահատվածում էլ 4-րդ դասարանի հետ ա պարապում»,- «Ազատության» հետ զրույցում պատմում է աշակերտներից Սվետլանան։
Նա երկու տարուց ավարտելու է դպրոցը և ուսումը շարունակելու համար Կապան է մեկնելու։ Որոշել է հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի դառնալ: Տանձատափ վերադառնալ, սակայն, չի ցանկանում։ Կարծում է՝ այդ ժամանակ գյուղի դպրոցն արդեն փակված կլինի: Նրա հայրն էլ ավելացնում է՝ «գյուղում ապագա չկա»: