«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումից այսօր արձագանքել են Սփյուռքում գործող «Հայկական վերածնունդ» կազմակերպության հայտարարությանը։
«Երեկ Հայաստանից դուրս գործող, հանրությանը անծանոթ կառույցներից մեկը «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորմանը հերթական անգամ մեղադրել է իրենց կազմակերպության անունը «գողանալու» մեջ՝ անցնելով կոռեկտության և պարկեշտության բոլոր սահմանները», - իր հաղորդագրությունում նշում է միավորման տեղեկատվության և քարոզչության պատասխանատուն:
Պնդելով, որ «Վերածնունդ», «Հայկական վերածնունդ» բառերը և բառակապակցությունները «ոչ մեկի սեփականությունը չեն, դրանք համամարդկային և համազգային բովանդակություն ունեցող հասկացություններ են, որոնք օրենքի շրջանակներում կարող է օգտագործել յուրաքանչյուր կազմակերպություն», նա շարունակում է․ - «Մենք ոչ մի ապօրինի գործողություն չենք կատարել: Պաշտոնապես հայտնում եմ, որ երբ գրեթե մեկ տարի առաջ մեր կողմից ընտրվել է «Հայկական վերածնունդ» անվանումը, ընդհանրապես տեղեկություն չի եղել, որ սփյուռքում գործում է նմանանուն կազմակերպություն: Սա խոսում է մի բանի մասին, որ նշված կառույցը գոնե հայաստանյան լայն հանրությանը անհայտ է եղել, թե՛ իր գործունեությամբ և, թե՛ իր գաղափարներով ու նպատակներով: <...> Սրանից հետևություն՝ չէինք կարող, իրենց պնդմամբ, «գողանալ» այն, ինչը գործնականում գոյություն չուներ»:
«Մի՛ զրպարտեք մեզ, մի՛ եղեք այդքան անհեթեթ», - ասված է հաղորդագրությունում: