ԵՊՀ-ում բացվեցին ականավոր գիտնականների կիսանդրիները

Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի կիսանդրին ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում:

Բազմավաստակ համալսարանականներ, ակադեմիկոսներ Արսեն Տերտերյանի, Հրանտ Թամրազյանի, Էդվարդ Ջրբաշյանի և Գուրգեն Սևակի կիսանդրիները կզարդարեն ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ճեմասրահը:

Այսուհետ նաև ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայ գրականության ամբիոնը կկրի Հրանտ Թամրազյանի անունը:

Կիսանդրիների բացման ու ամբիոն անվանակոչման հանդիսավոր արարողությանը ներկա էին բազմաթիվ մտավորականներ, դասախոսներ և ուսանողներ, քաղաքական ու հասարակական գործիչներ:

«Մենք մեր անվանի դասախոսներին, մեր հարգարժան պրոֆեսորներին մեծարում ենք և նրանց կիսանդրիներն ենք կանգնեցրել՝ դրանով նորովի իմաստավորելով Երևանի պետական համալսարան հասկացությունը: Հրանտ Թամրազյանը իսկապես սերունդներ է դաստիարակել իր հրաշալի դասախոսություններով, խորհրդային դժվարին ժամանակներում կարողացել է ասել բուն ճշմարտությունը մեր գրականության մասին, նրա իրական գեղարվեստական նվաճումների մասին և, միևնույն ժամանակ, թուրքերի և բոլշևիկների կողմից տրորված գեղեցկությունների մասին: Մենք նրան շատ բանով ենք պարտական», - ասաց Հայ գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը շեշտեց, որ համալսարանական այս մեծ ուսուցիչների, բազմավաստակ գիտնականների մեծարումն ու նրանց հիշատակին հարգանքի, երախտագիտության խոսք ասելը ամենևին պատահական չէ․ - «Անանց արժեքների թվում քաղաքակրթության մեջ կա նաև ուսուցիչ հասկացողությունը և այն երբեք չի ենթարկվում մաշվածության, արժեզրկման բոլոր հասարակություններում։ Ինչո՞ւ: Որովհետև ուսուցիչը կենարար աղբյուր է, որովհետև ուսուցիչը այն մարդն է, որը կերտում է մարդուն, որը մարդացնում է մարդուն, որը երիտասարդին հնարավորություն է տալիս ազատորեն, անկաշկանդ տնօրինելու իր բախտը, իր ապագան»:

3 տարի անց՝ 2019 թվականին Երևանի պետական համալսարանը կնշի հիմնադրման 100-ամյա հոբելյանը, իսկ մայր բուհի հիմնադրման ակունքներում մի շարք այլ անվանի հայագետների ու գիտնականների հետ կանգնած է եղել Արսեն Տերտերյանը: Ի դեպ, համալսարանի առաջին ֆակուլտետը հենց պատմաբանասիրական ֆակուլտետն էր:

Բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանն ասաց․ - «Այդ մեծ գիտնականների շունչը մենք ամեն օր զգում ենք: Ոչ միայն շունչը․ նրանց խոսքը, նրանց գիտելիքը, նրանց ավանդները, նրանց հանձնարարականները: Մենք նրանց գրքերից սովորում ենք անընդհատ, անընդհատ, անընդհատ: Դրանք անսպառ են: Ես այն համոզումն ունեմ, որ այդ գրականագետների վաստակը գեղարվեստական անգամ արժեք ունի, ոչ միայն գիտական, այլ գեղարվեստական: Դա գրականագետների մի տեսակ էր, մի սերունդ էր, որ գրում էր ընթերցվելու համար, որ գրում էր ուսանողի համար, որ գրում էր առհասարակ այդ գիտությունը առաջ տանելու համար»:

Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի խոսքով՝ անգնահատելի է այս գիտնականների հոգևոր սխրանքը․ - «Այն հոգևոր հունդերը, որ սփռել են նրանք, և այն մեծ առաքելությունը, որ նրանց էր վիճակված՝ 60-ականների լեգենդար սերնդին, Հրանտ Մաթևոսյանի խոսքով՝ մարտիկ ու պոետ, սիրելի մի սերունդ, որ իրեն կոչել էր իր ժամանակը անապատ չթողնելու, ապագայի առջև սևերես չկանգնելու առաքելության»:

«Տասնամյակներ էլ անցնեն, նրանք մնալու են մեր մեծությունները: Եվ այսօր, երբ նրանց անունով կոչում ենք լսարաններ, ամբիոններ, չնչին մաս եմ համարում նրանց այն վիթխարի ծառայության, որ տվել են և՛ սերունդներին, և՛ իրենց ժողովրդին: Այդ մեծերի ճամփան հավերժ է, ինչպես գրողներինը, որոնց ճշմարիտ մեկնաբանները նրանք էին՝ մեր սիրելի ուսուցիչները», - ասաց Սփյուռքի փոխնախարար, բանասիրության պրոֆեսոր Սերժ Սրապիոնյանը: