«Մոսկվան և Երևանը իրական վտանգ են հանդիսանում Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար», - պնդում է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Նման հայտարարությամբ թուրքական կառավարության ղեկավարը հանդես եկավ երեկ երեկոյան` Կիևում իր ուկրաինացի պաշտոնակից Արսենի Յացենյուկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վտանգված է այն աջակցության պատճառով, որ Հայաստանին ցուցաբերում է Ռուսաստանի Դաշնությունը», - հայտարարում էր Դավութօղլուն` պնդելով, որ վերջին տարիներին Մոսկվան արդեն իսկ նպատակաուղղված կերպով մասնատել է տարածաշրջանի պետություններից մի քանիսը:
«Ռուսաստանը խաթարել է երեք պետությունների տարածքային ամբողջականությունը: Դրանք են Ուկրաինան, Սիրիան և Վրաստանը», - հայտարարում էր Դավութօղլուն` ակնհայտ զուգահեռներ նշմարելով հատկապես վերջին տարիներին Ուկրաինայում և Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների միջև․ - «Այն իրադրությունը, որ ժամանակին ստեղծվել էր Վրաստանում` Աբխազիայում, այժմ էլ Ղրիմում է շարունակվում»:
Թուրքիայի կառավարության ղեկավարի հայտարարություններին Մոսկվայի արձագանքը չուշացավ: Ուկրաինայի և Թուրքիայի վարչապետերի Կիևում կայացած ասուլիսի ավարտից մի քանի ժամ անց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հանդես եկավ ոչ պակաս կոշտ մի հայտարարությամբ:
Ադրբեջանական լրատվամիջոցների խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի Կիևում հնչեցրած հայտարարությունը՝ Զախարովան նշում էր․ - «Ռուսաստանը և Ադրբեջանը փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական, գործընկերային հարաբերություններ են կառուցում: Թուրքիային չի հաջողվի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև սեպ խրել»:
«Դավութօղլուն ի վերջո պետք է հասկանա, որ Օսմանյան կայսրությունը վաղուց արդեն գոյություն չունի: Տարածաշրջանում մեկ պետության գերիշխանությունն այլևս անհնարին է, քանի որ չի համապատասխանում այն սկզբունքներին, որոնցով առաջնորդվում է ժամանակակից աշխարհը: Բայց եթե Անկարան այնուհանդերձ որոշել է ստանձնել նոր Օսմանյան կայսրության դերակատարությունը, ապա պետք է հիշեցնել, որ այն տարիներին տարածքային այդ կազմավորումը «Եվրոպայի հիվանդ մարդը» անվանումն էր ստացել», - եզրափակել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը:
Դավութօղլուի հայտարարությունները, որոնք գոնե առերևույթ միտված էին Ադրբեջանի շահերի պաշտպանությանը, Բաքվում ևս կարծես մեծ ոգևորություն չեն առաջացրել:
Ադրբեջանի մայրաքաղաքից պաշտոնական որևէ արձագանք մինչ այս պահը չի հնչեցվել: Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են միայն արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի` The Business Year հանդեսին տված հարցազրույցի այն հատվածը, որում ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նշում է․ - «Թե՛ Ռուսաստանի և թե՛ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են: Ադրբեջանում հույս ունենք, որ համատեղ ջանքերով, երկխոսության միջոցով հնարավոր կլինի բարելավել Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները»:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներից մեկն էլ` Այդին Միրզազադեն, ռուսական ֆինանսավորմամբ գործող «Սպուտնիկ-Ազերբայջան» կայքին տված հարցազրույցում անդրադառնալով Դավութօղլուի կիևյան հայտարարություններին, ասել է․ - «Թուրքիայի և Ռուսաստանի միջև առկա բարդ հարաբերությունները երկու պետությունների քաղաքական գործիչներին երբեմն ստիպում են հանդես գալ կտրուկ, արմատական հայտարարություններով: Դրա հետ մեկտեղ, պետք է նկատել, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարիդրացիական հարաբերություններ են հաստատվել: Ռուսական կողմը աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և Լեռնային Ղարաբաղի հարցում չի ճանաչում Հայաստանի կողմից մեր տարածքներում ստեղծված օկուպացիոն վարչակազմը»: