Ամրանների գործարանը 5 ամիս չի վճարել աշխատողների աշխատավարձը

Ամրանների գործարանը, արխիվ

Լուսակերտի «Արգել» գործարանը, որն արտադրում է հիմնականում շինարարական երկաթյա ամրաններ, արդեն 5 ամիս է՝ չի վճարում հարյուրից ավելի աշխատակիցների աշխատավարձը:

Դեկտեմբերից հարկադիր արձակուրդում գտնվող աշխատակիցներն այսօր հավաքվել էին գործարանի առջև: Դժգոհում էին, թե տնօրենի փոխարեն գրեթե միշտ փոխտնօրենն է արձագանքում իրենց հարցերին՝ պատասխանն էլ մեկն է՝ գործարանը պարտքեր ունի։

«Երկու ամիս ա կանչում ենք, չի գալիս տնօրենը, հիվա՛նդ ա... էդ ինչքա՞ն հիվանդ ա, որ չի կարա 10 րոպե կանգնի ու աշխատողներին բացատրի»,- ասում էր աշխատակիցներից մեկը։

Տեսախցիկից խուսափող փոխտնօրենը պնդեց՝ որևէ մեկին չեն կրճատել, ուղղակի գումար չունեն, որ վճարեն նրանց: Աշխատակիցները պնդում են՝ վերջին ամիսներին պարտքեր են կուտակել խանութներին, վարկերը չեն կարողանում մարել, տնօրինությունն էլ շարունակ ձգձգում է վճարումը: Ասում են՝ նամակ են ուղարկել վարչապետին, սակայն՝ ապարդյուն, պատրաստվում են նախագահի նստավայր գնալ ու դատարան դիմել։

«Տնօրենը միշտ ասում էր՝ ընտանիք լինենք, իրար հետ ապրենք, էդ վերջին օրը ասացինք՝ հիմա մենք քո էրեխեքն ենք, ի՞նչ անենք, ասաց՝ էրեխեքիս որբանոց եմ հանձնում՝ Նոր տարվա դեմը»։

Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը պնդում է՝ փակվող գործարանների մասին առաջիկայում շատ կլսենք, առջևում խոշորներն են: Գևորգյանի խոսքով, մենաշնորհների դեմ պայքարող փոքր ու միջին ձեռնարկություններն առանց այդ էլ լուրջ խնդիրներ ունեին, հիմա էլ դրանց գումարվել է ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկումն ու տրանսֆերտների նվազումը:

«Թիվ մեկ խնդիրն է ԵՏՄ-ում, ավելի ստույգ Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների մասնավոր տրանսֆերտների կտրուկ անկումը, երկրորդը՝ ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկումը, որը մեր ապրանքները ավելի ոչ մրցունակ է դարձնում Ռուսաստանի շուկայում, քանի որ մեր դրամը ավելի քիչ է արժեզրկվել։ Ելքը Հայաստանում նորմալ տնտեսություն ունենալն է, մրցակցության խորացումը, հաստատումը։ Ի վերջո, մոնոպոլիզացված տնտեսությունները ամենախոցելին են տնտեսական որևէ ճգնաժամի նկատմամբ։ Մենք հիմա քաղում ենք դրա պտուղները»,- ասաց մեկնաբանը։