Պետդեպարտամենտ․ Կողմերի համար ընդունելի բանակցությունների ձևաչափը Մինսկի խումբն է

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդ, արխիվ

Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը պատասխանեց Բաքվի հարցադրմանը՝ չհստակեցնելով, սակայն, պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի դերակատարությունը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հակահայկական բանաձևի ձախողման հարցում:

Բաքվի հարցադրումը վերաբերում էր Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆի հայտարարությանը, որը նա հնչեցրել էր ամերիկահայ «Հորիզոն» հեռուստաընկերության եթերում՝ խոսելով ԵԽԽՎ-ում հակահայկական ձևակերպումներ պարունակող երկու բանաձևերից մեկի տապալման գործում Վիկտորիա Նուլանդի ակտիվ դերակատարության մասին: «Թե՛ այդ տարածաշրջանով զբաղվող դեսպաններից մեկը, ում հետ ես խոսել եմ քվեարկությունից առաջ, և թե՛ Վիկտորիա Նուլանդը ակտիվորեն աշխատում էին այդ բանաձևի ընդունման դեմ: Որքանով ինձ է հայտնի՝ պայքարը բավական թեժ էր: Անկեղծ ասած, ես շատ ուրախ եմ, որ այդ բանաձևը [քվեարկությամբ] պարտվեց», - մասնավորապես հայտարարել էր Շիֆը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հանձնարարել էր Վաշինգտոնում իր դեսպանության աշխատակիցներին ուսումնասիրել այն դերակատարությունը, որ ունեցել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը:

Մինչ այդ, Նուլանդի դերակատարության մասին ադրբեջանական «Թուրան» գործակալության հարցին ի պատասխան՝ ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հայտարարել է. - «ԱՄՆ-ը հարգում է Ադրբեջանի ինքնիշխան իրավունքը՝ Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերը բարձրաձայնելու տարածաշրջանային և միջազգային կառույցներում: Կողմերի համար ընդունելի բանակցությունների ձևաչափը Մինսկի խումբն է: Հուսով ենք, որ կողմերը հավատարիմ կլինեն խաղաղ կարգավորմանը և կշարունակեն սերտ համագործակցությունը միջնորդների հետ»: