Հարուցվել է քրեական գործ հանրաքվեին ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքով

Ընտրություններ Հայաստանում, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունը հաղորդում է, որ բացահայտվել է հանրաքվեի տեղամասի ընտրողների ցուցակում հաշվառված անձանց փոխարեն քվեարկելու դեպք, որի առթիվ հարուցվել է քրեական գործ։

«Քաղաքացի Աշխեն Խ.-ն հայտնել է հանրաքվեի օրը թիվ 4/5 տեղամասի ընտրողների ցուցակում հաշվառված իր հոր և դստեր փոխարեն քվեարկելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ Աշխեն Խ.-ն հայտնել է, որ հայրը՝ հիվանդության, իսկ դուստրը` Հայաստանից բացակայելու պատճառներով չեն մասնակցել Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեին, մինչդեռ ընտրողների ցուցակում իր տվյալի դիմաց ստորագրելու ժամանակ նկատել է, որ հոր և դստեր տվյալների դիմաց առկա են ստորագրություններ», - ասված է հաղորդագրությունում։

ՀՔԾ-ն հայտնում է, որ անհայտ անձի կողմից ընտրողների ցուցակում հաշվառված անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով հարուցված քրեական գործն ուղարկվել է գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության կարգով ընթացքը լուծելու համար: