Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Նախորդ շաբաթվա իմ հոդվածում տեղեկացրել էի, որ Թալեաթ փաշան՝ Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչը, 1921 թվականին բրիտանացի հետախույզ Օբրի Հերբերտին տված հարցազրույցում ասել էր, թե «հուշագիր էր գրել հայկական կոտորածների մասին»:
Այժմ կցանկանայի ներկայացնել համառոտ հատվածներ Թալեաթի ծավալուն զեկույցից, որը 1921 թ. նոյեմբերին հրապարակվել է «Նյու Յորք Թայմս»-ի կողմից հրատարակվող «Քարընթ Հիսթըրի» (Current History) ամսագրում՝ «Թալեաթ փաշայի հետմահու հուշերը» վերնագրով, և հետևյալ ենթավերնագրով. «Նախկին Մեծ վեզիրի անձնական զեկույցը՝ գրված նրա սպանությունից կարճ ժամանակ առաջ, թե ինչու և ինչպես Թուրքիան մտավ պատերազմի մեջ. Գաղտնի դաշինք, որը նախորդեց հակամարտությանը. Հայկական կոտորածների պատճառները՝ ներկայացված դրանք հրահանգած մարդու կողմից»:
«Քարընթ Հիսթըրի»-ի խմբագիրները ներածական ծանոթության մեջ բացատրում են, թե ինչպես են ձեռք բերել այս բացահայտող զեկույցի օրինակը. - «... Թալեաթի մահվանից հետո, այս ձեռագիրը անցավ Գերմանիայում մնացած նրա կնոջը. նա դեռ չէր հրապարակել ամբողջական զեկույցը, սակայն ամուսնուն գնդակահարողի ազատ արձակումից հետո նա թույլատրեց Կոստանդնուպոլսում հրապարակվող լիբերալ թուրքական «Վաքիթ» թերթի Փարիզի թղթակցին հրատարակել դրա առավել հետաքրքիր հատվածները: «Քարընթ Հիսթըրի»-ի համար դրանք թուրքերենից թարգմանեց բնիկ պոլսեցի Մ. Զեքերիան: Դրանք մոտ հիսուն էջեր էին բնօրինակ ձեռագրից, որի առաջին նախադասությունը՝ «Ես չեմ ասում ամբողջ ճշմարտությունը, սակայն այն ամենը, ինչ ասում եմ՝ ճշմարիտ է», մեծ ցնցում առաջացրեց Թուրքիայում»:
Թալեաթը, իր հուշերում, ինչպես Օբրի Հերբերտի հետ հարցազրույցում, փորձում է արդարացնել իրեն՝ Հայոց ցեղասպանության համար մեղադրելով բոլորին՝ հայերին, ռուսներին, նույնիսկ թուրքերին: Նա չի ժխտում «հայերի, իսկ որոշ բնակավայրերում նաև հույների և Սիրիայում որոշ արաբների տեղահանությունները», սակայն պնդում է, թե դրանց մասին հաղորդումները «խիստ չափազանցված էին»: Ապա Թալեաթը հավելում է. - «Սա ասելով, ես ամենևին էլ միտք չունեմ ժխտելու փաստերը: Միայն ցանկանում եմ վերացնել չափազանցությունները և փաստերը շարադրել այնպես, ինչպես դրանք տեղի են ունեցել»:
Նախկին Մեծ վեզիրը խոստովանում է. - «Ես ընդունում եմ, որ մենք բազմաթիվ հայերի տեղահանել ենք մեր արևելյան նահանգներից, բայց այս հարցում մենք երբեք չենք գործել նախապես մշակված ծրագրով: Այս գործողությունների պատասխանատվությունը ընկնում է առաջին հերթին հենց տեղահանված ժողովրդի վրա: Մեր արևելյան շրջանները ձեռք գցելու նպատակով, Ռուսաստանը զինեց այս շրջանների հայ բնակչությանը և նշված տարածքում կազմակերպեց ուժեղ հայկական հրոսակային ուժեր»:
Փորձելով վերականգնել իր արատավորված անունը՝ Թալեաթն ընդունում է թուրքական բռնություններն ընդդեմ հայերի. - «Ես ընդունում եմ, որ տեղահանությունը ամենուր օրինական կարգով չի իրականացվել: Որոշ տեղերում անօրինական արարքներ են կատարվել.... Մի շարք պաշտոնյաներ չարաշահել են իրենց լիազորությունները, և շատ տեղերում մարդիկ իրենց ձեռքն են վերցրել կանխարգելիչ միջոցառումները և հալածել անմեղ մարդկանց: Խոստովանում եմ»:
Շարունակելով իր դեմքը փրկելու հռետորությունը՝ Թալեաթը զիջում է. - «Խոստովանում եմ նաև, որ կառավարության պարտականությունն էր կանխել այս բռնություններն ու վայրագությունները, կամ առնվազն բռնել և խստորեն պատժել մեղավորներին: Շատ տեղերում, որտեղ տեղահանված մարդկանց գույքը և ունեցվածքը թալանված էր, իսկ հայերը՝ հալածված, մենք ձերբակալեցինք մեղավորներին և պատժեցինք ըստ օրենքի: Խոստովանում եմ, սակայն, որ պետք է ավելի խստորեն վարվեինք, իրականացնեինք ընդհանուր հետաքննություն՝ բոլոր սադրիչներին ու թալանչիներին բացահայտելու և խստորեն պատժելու համար: Բայց չէինք կարող այդպես անել: Չնայած շատ մեղավորների պատժեցինք, սակայն նրանց մեծ մասը մնաց անպատիժ»:
Թալեաթը շարունակում է արդարացումներ գտնել հայկական կոտորածների համար հետապնդման չենթարկված ոճրագործների համար, որոնք «անհեռատես և մոլեռանդ էին, սակայն անկեղծ էին իրենց համոզմունքների մեջ: Հասարակությունը խրախուսում էր նրանց, և նրանք իրենց հետևում ունեին աջակիցների մի ստվար բանակ: Նրանք մեծաթիվ էին և ուժեղ: Նրանց բացահայտ և անհապաղ պատիժը կարող էր դժգոհության մեծ ալիք առաջացնել մարդկանց շրջանում, որոնք հավանություն էին տալիս նրանց գործողություններին: Այս բոլոր սադրիչներին ձերբակալելու և պատժելու փորձը կարող էր անիշխանության պատճառ դառնալ Անատոլիայում հենց այն ժամանակ, երբ մենք միասնության խիստ կարիք ունեինք»:
Հանուն ճշմարտության պետք է նշել, որ Թալեաթի պնդումները, թե իբր հայերը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թիկունքից հարվածել են Թուրքիային, լիովին կեղծ են: Թուրքիայի ռազմական նախարար, օսմանյան զինված ուժերի գլխավոր հրամանատար Էնվեր փաշան Կոնիայի եպիսկոպոսին հղած նամակում բարձր է գնահատել թուրքահայ զինվորների քաջությունը ռուսական բանակի դեմ պայքարում 1914-1915 թթ. ձմռանը:
Պետք չէ զարմանալ, որ Թալեաթի այն պնդումը, թե իր կառավարությունը դաժան գործողություններ կձեռնարկեր հայերի դեմ նույնիսկ «խաղաղության ժամանակ», վերահաստատում է թուրքական վաղեմի ցեղասպանական գործելակերպը, ինչպես նախկինում կիրառվել է համիդյան և Ադանայի հայկական ջարդերի ժամանակ, երբ պատերազմներ չկային:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի