Դատարանն այսօր քննության չառավ Գևորգ Սաֆարյանի միջնորդությունը՝ գրավի դիմաց իրեն ազատ արձակելու վերաբերյալ: Դռնփակ նիստին չէր ներկայացել քննիչը: Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի փոխանցմամբ, դատարանը պարտադիր է համարել իրավապահի ներկայությունն ու միանգամից նիստը հետաձգել մինչև երկուշաբթի:
«Քննիչը պարտավոր էր ներկայանալ»,- ասաց փաստաբանը։
Դատարանի առջև հավաքված ցուցարարները համոզված էին՝ իշխանությունները միտումնավոր են ձգձգում: Ժիրայր Սեֆիլյանն, այդուհանդերձ, լավատես է, որ Գևորգին երկար չեն պահի ճաղերի հետևում։
«Եթե Սերժ Սարգսյանը անմիջապես ենթարկվեր Human Rights Watch-ի պահանջին, իր շրջապատում դա պիտի դիտվեր թուլության նշան, քանի որ նա մանավանդ էդ վերջին երկու ամիսը փորձում է ցույց տալ, որ ինքը շատ ուժեղ է։ Բոլորը տեսնում են, որ ոչ մի գործընթաց չկա, ավելին՝ քննիչի բացակայությունից մենք հասկանում ենք, որ նրանք չգիտեն ինչ անեն։ Մի քանի օր ևս հետաձգել են, և բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում դատարան գոյություն չունի, բոլոր դատավորները իրենց վճիռները կայացնում են ըստ Բաղրամյան 26-ից եկած հրահանգի»,- ասաց Սեֆիլյանը։
Ընդհանուր իրավասության դատարանը ընդդիմադիր ակտիվիստին երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել, Վերաքննիչ ատյանն` այն ուժի մեջ թողել: Ամանորի գիշերվանից մինչև օրս փաստաբանը տեղյակ չէ որևէ քննչական գործողության մասին։
«Մենք ենք միջնորդություններ ներկայացրել, որպեսզի հարցաքննեն, առերեսումներ կատարվեն, պատասխան չի եղել։ Ստացվում է, որ Գևորգ Սաֆարյանին ոչ թե ազատությունից զրկել են, որպեսզի քննչական գործողություններ կատարեն և նա էլ չխոչընդոտի քննչական գործողություններին, այլ նրան ազատազրկել են, որպեսզի չզբաղվի քաղաքական գործունեությամբ։ Եթե գրավ չկիրառվի, սա ավելի կհաստատվի»,- ասաց Տիգրան Հայրապետյանը։
Գևորգը կալանավորվել է ոստիկան Գեղամ Խաչատրյանի ցուցմունքերի հիման վրա՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Առայսօր հայտնի չէ, սակայն, թե մարմնական ինչ վնասվածք է ստացել հայտնի ոստիկանը, ով ժամանակին նաև Շանթ Հարությունյանի դեմ էր նույնանման վկայություն տվել։
«Գեղամ Խաչատրյանը հունվարի 2-ին եկել էր և դեմքին ինչ-որ բան էր փակցված, ու մենք չգիտենք... քննիչը պարտավոր էր ներկայացնել նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, դա էլ չի ներկայացրել»,- ընդգծեց Հայրապետյանը։
Նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ոստիկանապետին ուղղված գրությունում նկարագրել էր միջադեպն ըստ տեսանյութի․ «․․․ոստիկանության առանձին ծառայողներ ձեռքերով և ոտքերով հարվածում են քաղաքացիներին (նրանց թվում նաև՝ Գևորգ Սաֆարյանին), իսկ ոստիկաններից մեկին՝ Գեղամ Խաչատրյանին, մյուս ոստիկանները պարբերաբար հեռացնում են միջադեպի վայրից, սակայն նա կրկին վերադառնում և հարվածում է քաղաքացիներին»։
Որևէ ոստիկանի առայսօր մեղադրանք չի առաջադրվել, թեև Գևորգ Սաֆարյանից բացի ևս հինգ ակտիվիստ էր հայտնել իրավապահների բռնությունների մասին ու դատաբժշկական փորձաքննության ենթարկվել: Նրանց մեկը Վահրամ Պետրոսյանն է, ով միջադեպից ավելի քան 40 օր անց տուժող չի ճանաչվել։
«Տարբերություն է դրվում երկու քրեական գործերի միջև, որովհետև մեկով հենց նույն օրը ոստիկանի ցուցմունքի հիման վրա ձերբակալեցին քաղաքացուն, իսկ մյուս դեպքում հինգ քաղաքացիների բողոքի հիման վրա որևէ մեկը որպես մեղադրյալ տվյալ գործում չի ներգրավվել։ Գործը կոծկելու և ոստիկանության մոտ անպատժելիության մթնոլորտ ստեղծելու միտումը ուղղակի ակնհայտ է»,- ասաց Պետրոսյանը։