SOS նախագիծն անօթևան գյումրեցիների համար միջազգային դրամահավաք է սկսել

Երկրաշարժից 27 տարի անց Գյումրիում դեռ ավելի քան 3000 ընտանիք ապրում է վագոն- տնակներում՝ փտած հատակով, անձրևաջրերի կաթոցների տակ, առնետների հետ մշտապես կռիվ տալով: Ձմռան ցրտին, ամռան տոթին համակերպվել ու ապրում են, շատերը՝ ծայրահեղ աղքատության մեջ:

Գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը 3 տարի անընդմեջ դեկտեմբերի 7-ը «ամոթի օր» է հայտարարում ու, տնակներում ապրողներին լուսանկարելով, փորձում ուշադրություն հրավիրել և հիշեցնել՝ անօթևանության խնդիրը լուծված չէ:

«Երկար տարիներ նկարել եմ էս ամեն ինչը, փորձել ենք ինչ-որ ձև իշխանություններին հասցնել, որ իշխանություն ջան, էս ամեն ինչ ձեր գործն է, մեր գործը չէ, մեզնից անցնում է հրապարակել ու ասել, որ մարդիկ դեռ էս վիճակում են։ Այսինքն ձեր տվյալներ, որ մարդիկ էս վիճակում չեն, մեղմ ասած՝ իրականությանը չի համապատասխանում»։

«Եվ նախաձեռնությունը ծնվեց այն ժամանակ, երբ մի քանի տարի շարունակ նույն բանը ասելուց հետո հասկացանք, որ օգուտ չկա, օգուտը շատ չնչին է և ոչ թե իշխանության, այլ անհատների կողմից է։ Սկսեցին դրամահավաք կազմակերպել։ Նպատակը մեկն է՝ մարդկանց ազատել էս տնակներից և տալ արժանապատիվ կյանք ապրելու իրավունք»,- ասաց երիտասարդ լուսանկարիչը։

Արդեն մի քանի շաբաթ է՝ Հայկի լուսանկարները հայտնվել են բրիտանական crowdfunder.co.uk կայքում, որտեղ և սկսվել է հանրային դրամահավաքը: Նախաձեռնության կազմակերպիչները ակնկալում են մոտ երկու ամսում 13 ընտանիքներին բնակարանով ապահովելու համար հանգանակել 120.000 ֆունտ: Հակառակ դեպքում ստիպված են գումարը վերադարձնել:

Մոտ 10.000 ֆունտ արդեն հավաքվել է։ Հայկ Բարսեղյանն ասում է նախաձեռնությունը շատ մեծ արձագանք է գտել և՛ Հայաստանում, և՛ արտերկրում.- «Կան կազմակերպություններ, որոնք միացել են, կան մեր նման երիտասարդներ, ովքեր փորձում են ինչ-որ բան նախաձեռնել։ Արձագանքը համ էստեղից է շատ, համ դրսից»։

Առաջիկա օրերին նախաձեռնողները պատրաստվում են նամակներով դիմել նաև պատգամավորների, գործարարների, նախագահ Սերժ Սարգսյանին՝ հանգանակությանը միանալու կոչով: Հայկն ասում է՝ արձագանքից պարզ կլինի, թե արդյոք պատրա՞ստ են սեփական միջոցներից գումար հատկացնել Գյումրիի աղքատ ու անօթևան մարդկանց։

«Դիմելու ենք բոլոր-բոլորին՝ սկսած Սերժ Սարգսյանից, վերջացրած մնացած հանրապետականներով և պատգամավորներով։ Մեզ հետաքրքիր է իրենց վերաբերմունքը, մարդիկ, ովքեր ամսական ստանում են, ինչքան գիտեմ, համարյա մեկ միլիոն դրամ աշխատավարձ, պլյուս ունեն բարեկամներ, որոնք ունեն լիքը բիզնեսներ, տեսնենք էդ մարդիկ հետաքրքրքվա՞ծ են էս հարցով, թե չէ։ Եթե պետությունը չի կարող բյուջեից վերցնել, տեսնենք իրենք իրենց միջոցներից ինչ են պատրաստ ներդնելու»։

40 օրում պետք է հավաքագրվի 110 հազար ֆունտ: Հայկը մաթեմատիկական հաշվարկ է անում.- «110.000 ֆունտը պիտի բաժանենք 40 օրվա վրա, համարյա 4000 ֆունտ օրական, որպեսզի հասցնենք։ Մաթեմատիկան ասում է, որ չենք հասցնի էդ գումարը հավաքել, բայց ինչ-որ մի բան կա, գիտենք, որ կհավաքվի։ Բայց հլը չգիտենք որն է»։