Կամերային թատրոնի գլխավոր ռեժիսորը պահանջում է դադարեցնել թատրոնի գործունեությունը

Կամերային թատրոնի գեղարվեստական խորհրդի նախագահ Արա Խզմալյանը, արխիվ:

Արմեն Մելիքսեթյանը անցած ամիս բաց նամակով դիմել է Մշակույթի նախարարին:

Թատրոնի գործունեությունը, իհարկե, չի դադարեցվել․ հեշտ չի մեկ մարդու՝ թեկուզ գլխավոր ռեժիսորի խնդրանք-պահանջով թատրոն փակել: Ավելին՝ թատրոնն արդեն ունի փետրվարի կարգավորված խաղացանկը՝ «Սասունցի Դավիթ», «Գեղեցկուհին և հրեշը», «Թոմն ու Ջերրին», «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում» և այլ ներկայացումներ:

Մշակույթի նախարարությունում Մելիքսեթյանի բաց նամակի կապակցությամբ հրավիրված նիստը նախագահել է Կամերային թատրոնի գեղարվեստական խորհրդի նախագահ, թատերագետ, Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ Արա Խզմալյանը:

Նա փորձել է հաշտեցման եզրեր գտնել թատերախմբի անդամների և գլխավոր ռեժիսորի միջև՝ առաջարկելով Արմեն Մելիքսեթյանին հրաժարվել գլխավոր ռեժիսորի պաշտոնից և մնալ թատրոնում որպես ռեժիսոր: Առաջարկը, ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց Խզմալյանը, չի ընդունվել:

«Ես մնում եմ զարմացած, և իմ զարմանքը հայտնում եմ պարոն Մելիքսեթյանին, թե նման փորձառու մարդը, փորձառու ղեկավարը ինչպես կարող էր նման բաց նամակով հանդես գալ, որը չունի որևէ իրավական հիմք, և դրա իրականացումը բացարձակապես դժվար է պատկերացնել: Պահանջել, որպեսզի ավելի քան յոթանասուն հոգու աշխատանքային պայմանագրերը, առանց լուրջ իրավական հիմնավորման և իրավական արդարացման, դադարեցվեն, կասեցվեն․․․ Ի՞նչ եք պատկերացնում ո՞ր տնօրենը կամ ո՞ր նախարարը կարող է գնալ նման քայլի, երբ յոթանասուն հոգի միանգամից դիմում է դատարան՝ հիմնավորելու իր ազատման հրամանը»:

Արա Խզմալյանի համոզմամբ, բաց նամակը առավել քաղաքական կամ քաղաքացիական խնդիրների լուծմանն ուղղված տարբերակ է, բայց ոչ թատրոնի ներքին, ստեղծագործական խնդիրները լուծելու ձևաչափ․ - «Առավել ևս, որ դա իրականանալի չէ, առավել ևս, որ դրանից հետո առհասարակ այրվում են բոլոր կամուրջները տվյալ ստեղծագործական կոլեկտիվի հետ աշխատելու: Երբ բաց նամակով դիմում ես նախարարին և հայտարարում ես մի ամբողջ կոլեկտիվ ստեղծագործական առումով անպետք, դրանից հետո ես չեմ պատկերացնում վերադարձի ճանապարհը: Հետագայում բոլոր այն մարդիկ, ովքեր պատրաստվում են ստանձնել թատրոնի ղեկավարման բարդ և պատասխանատու աշխատանքը, պիտի պահանջները վերադասին՝ նախարարությանը, կոլեկտիվին ներկայացնեն պաշտոնը ստանձնելու պահին․․․ Բոլոր այն պահանջները, որ պարոն Մելիքսեթյանն ունի այդ խմբի հանդեպ, ես կարող եմ ընդունել և ընկալել՝ եթե այդ պահանջներն ասվեին մեկ տարի առաջ, երբ ինքը նշանակվում էր գլխավոր ռեժիսոր»: