Վրաստանը վերացնում է վիզային ռեժիմը Իրանի հետ, այսինքն՝ վերականգնում է ազատ ռեժիմը։ Այդ մասին վրացական կողմը երեկ պաշտոնապես հայտնել է Իրանի դեսպան Աբբաս Թալեբի-ֆարիին։
Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանին Իրանի դեսպանի հետ հանդիպմանը պաշտոնապես ասել է, որ երկու երկրների քաղաքացիների համար փետրվարի 15-ից վերականգնվելու է առանց վիզաների այցելությունների մասին համաձայնագիրը։ Իրանի քաղաքացիները առանց վիզայի Վրաստանում կարող են մնալ 45 օր։
Դեռ 2012 թվականին երկու երկրների միջև վիզային ռեժիմը վերացվել էր, բայց երկու տարի անց՝ 2014 թվականի սեպտեմբերի 1-ից, Վրաստանը վերականգնել էր այն, քանի որ այդ ժամանակ ռեժիմային կարգը համապատասխանեցնում էր եվրոպականի հետ։ Սա բավականին մեծ հարված հասցրեց Վրաստանի տուրիզմին․ իրանցիների այցելությունը Վրաստան գրեթե ութ անգամ կրճատվեց։
Վրաստանի խորհրդարանում իշխող քաղաքական ուժի՝ «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Գեորգի Վոլսկին «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանն ասել էր, թե 2014 թվականի որոշումը ընդունվել էր Արևմուտքի գործընկերների առաջարկով։
«Որպեսզի մեր երկրի շահերը վնաս չկրեն, մենք ինտենսիվ խորհրդակցություններ անցկացրեցինք Բրյուսելի և Վաշինգտոնի հետ։ Համոզված եմ, որ զբոսաշրջիկների այցելությունների նվազումը կապ չունի վիզային ռեժիմի հետ, որովհետև ցանկության դեպքում յուրաքանչյուր ոգ կարող էր վրացական վիզա ստանալ։ Հիմա, երբ Արևմուտքի և Իրանի հարաբերությունները կարգավորվում են, մենք մեզ ավելի պաշտպանված ենք զգում», - ասել է մեծամասնության խմբակցության ղեկավարը։
Սակայն փորձագետները չեն ընդունում իշխող քաղաքական ուժի այս հայտարարությունները և պնդում են, որ 2014-ին Իրանի հետ վիզային ռեժիմ մտցնելը կառավարության կոպիտ սխալն էր։
«Այն ժամանակ արտգործնախարարությունը բոլորովին չհաշվարկեց նման որոշման հետևանքները», - ասել է տնտեսական հարցերով փորձագետ Գոչա Տուտարերիձեն։
Մեկ այլ փորձագետ Գեորգի Կեպոլաձեն նշել է, որ տարածաշրջանում Վրաստանը միակ երկիրն է, որը նորմալ տնտեսական հարաբերություններ ունի բոլոր հարևանների հետ և, հաշվի առնելով երկրի տրանզիտային հնարավորությունները, աշխարհագրական դիրքը, պետք է մեծ զգուշություն դրսևորել վիզային հարցերը քննարկելու և որոշումներ ընդունելու ժամանակ։