«Ազատություն». - Պարոն Աշոտյան, բոլոր թերթերը, մամուլը երկվանից և այսօր առավոտյան տեղեկացնում են, որ որոշում է կայացվել՝ կրթության և գիտության նախարարի պաշտոնը տրվելու է Հայ հեղափոխական դաշնակցությանը (ՀՅԴ) և Դուք երեկվանից այլևս նախարար չեք։ Իրականությանը մո՞տ են այս տեղեկությունները։
Արմեն Աշոտյան. - Ես չեմ բացառում, որ հայկական մամուլը մոտ է այն պատմական պահին, և վերջապես, ինձ հետ կապված աշխատանքային կանխատեսումների մի մասը կարող է իրականություն դառնալ։
«Ազատություն». - Այսինքն՝ դուք այլևս նախարար չեք լինի և կզբաղեցնեք ա՞յլ պաշտոն։
Արմեն Աշոտյան. - Ես ասացի, որ չեմ բացառում, որ հայկական մամուլը մոտ է այդ պատմական պահին, որ մասամբ ճիշտ գուշակություններ կարող է անել նաև իմ աշխատանքային գործունեության հետ կապված։
«Ազատություն». - Բայց Դուք պատրա՞ստ եք թողնել այդ պաշտոնը։
Արմեն Աշոտյան. - Իհարկե, ես միշտ պատրաստ եմ թողնել այն պաշտոնները, որոնց նշանակումը պայմանավորված է քաղաքական գործընթացներով, բայց աշխատել եմ և աշխատում եմ պաշտոնավարման առաջին օրվանից մինչև պաշտոնավարմանս վերջին օրը։
«Ազատություն». - Ձեզ առաջիկայում կտեսնե՞նք քաղաքականության մեջ՝ այլ պաշտոնում։
Արմեն Աշոտյան. - Իմ՝ քաղաքական դաշտում լինելու հանգամանքը պայմանավորված չի եղել որևէ պաշտոնով, այդ թվում՝ նախարարի հանգամանքով։ Պայմանավորված է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ լինելու հանգամանքով և ակտիվ կուսակցական լինելու հանգամանքով։ Պետական աշխատանքը և քաղաքական գործունեությունը միշտ չէ, որ միահյուսված են լինում։
«Ազատություն». - Իսկ կտեսնե՞նք Ձեզ պետական պաշտոնում։
Արմեն Աշոտյան. -Դուք ինձ արդեն հանեցի՞ք այս պաշտոնից։ Ես չեմ բացառում, որ մամուլի կանխատեսումների մի մասը կարող է իրականություն դառնալ։
***
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է Հայաստանի կրթության և գիտության նախարարի պորտֆելը հանձնել ՀՅԴ-ին՝ և ըստ այդմ, այսօրվանից արդեն, ամենայն հավանականությամբ, կդադարեցվեն Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի լիազորությունները։
Մամուլը նաև գրում է, որ Կրթության և գիտության նախարարի պաշտոնում կարող է նշանակվել ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանը, ով 1998-2003 թվականներին երեք անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը։
Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանին, ապա, ըստ շրջանառվող լուրերի, նա կարող է զբաղեցնել կա՛մ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, կա՛մ որևէ երկրում դեսպան նշանակվել:
Արդեն մի քանի շաբաթ շարունակվող ՀՀԿ - ՀՅԴ բանակցությունների արդյունքում, ըստ լրատվամիջոցների, հնարավոր է, որ Դաշնակցությանը տրվեն նաև Արդարադատության և Տարածքային կառավարման նախարարների պաշտոնները:
Հարկ է, սակայն, նշել, որ Հանրապետականի խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր հրաժարվեց հաստատել այս տեղեկությունը:
«Գրեթե ոչինչ չի կարելի բացառել քաղաքականության մեջ: Չի կարելի բացառել նաև այդ զարգացումները: Դրա համար, քանի դեռ չկա վերջնական որոշում, քանի դեռ Գործադիր մարմինը չի քննարկել, և մենք Հանրապետության նախագահի հետ չենք քննարկել այս հարցը, ես չեմ կարող որևէ վերջնական բան ասել», - նշեց Շարմազանովը:
Շարմազանովը «ամբողջությամբ պատրաստ» չէր ասել նաև, թե արդյոք այսօր երեկոյան կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում որոշում կընդունվի և հանրությունը կտեղեկացվի․ - «Կապրենք՝ կտեսնենք: Երբ որ կլինի որոշում, երբ որ մենք պատրաստ կլինենք բոլոր դետալները ներկայացնել մեր հանրությունը, խնդիր չեմ տեսնում: Մենք կներկայացնենք»: