Հանրապետական պատգամավորի գնահատմամբ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը «այնքան կոշտ չէ, ինչքան ներկայացվում է»

Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ հանրաքվեի ընթացքի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում արված քննադատության մասին։

«Ազատություն». - ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը իր զեկույցում սուր քննադատության է ենթարկել հանրաքվեի ընթացքը։ Մի քանի փոքրիկ մեջբերում անեմ․ այն ընտրատեղամասերում որտեղ իրենք դիտարկումներ են անցկացրել՝ լուրջ խնդիրների թվում են՝ «Այո»-ի քարոզարշավի վստահված անձանց կողմից միջամտությունն ու ահաբեկումը, որոնք «հանգեցրել են փաստացի քվեարկության արդյունքների փոփոխմանը»: «Գործընթացը նշանավորվել է ՀՀԿ-ի վստահված անձանց կողմից կատարված էական միջամտությամբ»։ Եվ այսպես բազմաթիվ օրինակներ, քննադատություններ։ Ինչպե՞ս եք գնահատում այս դիտարկումները, համաձա՞յն եք սրանց հետ, թե՝ ոչ։ Եվ, ինչպես ընդդիմադիրներն են նշում, առաջին անգամ միջազգային դիտորդները չեն լեգիտիմացրել այս հանրաքվեն, այս ընտրական գործընթացը։

Կարինե Աճեմյան. - Գիտեք, դուք երևի թե ծայրահեղացնում եք մի քիչ, որովհետև ես ինքս ամբողջ զեկույցը կարդացել եմ։ Ես չէի ասի, որ շատ կոշտ է։

«Ազատություն». - Չկայի՞ն այսպիսի մեջբերումներ։

Կարինե Աճեմյան. - Իհարկե կային։ Ես դրա մասին չեմ ասում։ Ես պարզապես ասում եմ, որ իհարկե մենք ուշադիր ենք միջազգային բոլոր կառույցների և հատկապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի այս զեկույցի նկատմամբ միշտ ենք ուշադիր լինում և անպայման բոլոր ընտրություններից հետո հետևություններ անում ենք։ Իհարկե, նոր Ընտրական օրենսգիրքը, ինչպես Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին արդեն նշել է, դա լակմուս է լինելու, և, այո, մենք հետևություններ անելու ենք։ Պարզապես այդ տնային առաջադրանքը, աշխատանքը՝ դեսպանի նշած, ինձ մի փոքր տարօրինակ թվաց, որովհետև այնուամենայնիվ մենք աշակերտ չենք, մենք պարզապես երկիր ենք, ով իր սխալների վրա և առհասարակ այսպիսի զեկույցների վրա սովորում է, հետևություններ է անում։ Բավականին գլուխներում հանդիպել եմ այս տեքստին՝ «մեր զրուցակիցների հավաստմամբ, մեր զրուցակիցների խոսքով»։ Ընդհանուր առմամբ, երբ դու հղում ես անում զրուցակցին, զրուցակիցները շատ տարբեր կարող են լինել և միշտ չէ, որ զրուցակիցը օբյեկտիվ է լինում։ Այսինքն՝ մենք պետք է խոսենք անպայման փաստարկների մասին։

«Ազատություն». - Օբյեկտի՞վ է այս քննադատությունը։

Կարինե Աճեմյան. - Որոշակի օբյեկտիվություն իհարկե կա։ Կարծում եմ, որ ամեն ինչ չէ, որ պետք է այդքան սև նկարագրել։

«Ազատություն». - Շա՞տ էր սև նկարագրված։

Կարինե Աճեմյան. - Ոչ, այդքան կոշտ չէ, ինչքան ներկայացվում է։ Ես ինքս մտածում եմ, որ շատերը պարզապես հղում են անում մյուսների ասածին, բայց եթե իրենք կարդան…

«Ազատություն». - Ես զեկույցից ուղիղ մեջբերումներ էի արել։

Կարինե Աճեմյան. - Ձեր ասած մեջբերումների մասին մենք խոսել ենք՝ և՛ ընտրությունից հետո, և՛ խոսել ենք նաև այն թերությունների մասին, որ եղել են։ Ինքս, պետք է ասեմ, որ եթե մենք խոսում ենք ընթացակարգային թերությունների մասին, ուզո՞ւմ եք մեջբերեմ զեկույցից թերություն․․․

«Ազատություն». - Ահաբեկումների մասին են խոսում, հանրապետականների վստահված անձանց միջամտության մասին են խոսում...

Կարինե Աճեմյան. - Զեկույցում նշված է, որ մեր կոալիցիոն գործընկերն է «Օրինաց երկիր»-ը։ Դա իհարկե տեխնիկական թերություն է, բայց զեկույցում բացթողում է։ Դուք գիտեք, որ ապրիլին կլինի երկու տարի, ինչ «Օրինաց երկիր»-ը կոալիցիայում չէ։ Հիմա դա ի՞նչ թերություն է։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ