Չեխիայի ոստիկանությունը հայտնում է, որ փետրվարի 6-ին երկու տասնյակ անհայտ անձինք հրկիզել են փախստականների աջակցության կենտրոնը՝ Պրահայում մահմեդականների և միգրացիայի դեմ անցկացված ցույցից ժամեր անց:
Ցուցարարները գրոհել են «Կլինիկա» կենտրոնը և «մոլոտովյան կոկտեյլներ» շպրտել: Հարձակման հետևանքով առնվազն մեկ մարդ տուժել է:
Պրահայի հրշեջ ծառայության խոսնակը նշել է, որ հրդեհը հաջողվել է արագությամբ հանգցնել:
Չեխիայի նախագահական նստավայրի՝ Պրահայի ամրոցի առջև անցկացված հակամահմեդական ցույցը կազմակերպել էր PEGIDA նախաձեռնությունը: Այս խումբը, որի անունը հապավում է և թարգմանվում է որպես Հայրենասեր եվրոպացիներն ընդդեմ Արևմուտքի մահմեդականացման, փետրվարի 6-ին նմանատիպ բազմաթիվ ցույցեր էր կազմակերպել նաև Եվրոպայի այլ երկրներում: PEGIDA-ն ստեղծվել է 2014 թվականին՝ Գերմանիայի Դրեզդեն քաղաքում: